ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։
Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերվում գործընկեր պետությունների եւ կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին: Նա հավելել է, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ-ի ներկայացուցիչները առանց որեւէ նախապայմանի պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքները։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ-ի հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։