ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Youtube-ում շրջանառվող տեսանյութ, որում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկում են, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` «ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար»:
«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները. 1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, 2) իրականացնում են մարդկանց առեւտուր` կատարելով հանցանք, 3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են, 4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ»,- նշել է Թաթոյանը:
ՄԻՊ-ի աշխատակազմը տեսանյութը պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջազգային կառույցներին: