ԱՄՆ բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ» պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը:
Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MİT) արտասահմանում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալել ու Թուրքիա է տեղափոխել բազմաթիվ թուրք այլախոհների ու ընդդիմադիրների:
Վերջին դեպքը տեղի է ունեցել Ղազախստանում, որտեղ MİT-ի աշխատակիցներն առեւանգել են Գյուլենի գաղափարակից Օրհան Ինանդըին: Վերջինս տարիներ առաջ հաստատվել էր այդ երկրում ու կրթական գործունեություն էր իրականացնում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ինանդըն պահվում է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատանը: Այս դեպքն էլ Քանթերի համար առիթ է դարձել բարձրաձայնելու թեմայի մասին:
Թուրք մարզիկը պատմել է, որ թուրքական հատուկ ծառայություններն ավելի վաղ իրեն եւս թիրախավորել են, սակայն վերջին պահին կարողացել է խուսափել առեւանգումից: Ըստ Քանթերի՝ դա տեղի է ունեցել 2017-ին, երբ մի քանի օրով Ինդոնեզիայում էր:
Տեղեկանալով, որ MİT-ի աշխատակիցները մտադիր են առեւանգել իրեն՝ հասցրել է հապճեպ հեռանալ Ինդոնեզիայից եւ ինքնաթիռով մեկնել Սինգապուր, ապա՝ Ռումինիա:
Քանթերը նշել է՝ երբ Թուրքիայում հասկացել են, որ իրեն «փախցնելու» ծրագիրը ձախողվել է, չեղարկել են իր անձնագիրը, ինչի հետեւանքով որոշ ժամանակ չի կարողացել մեկնել Ռումինիայից:
Հոդվածում Քանթերը տեղեկացրել է, որ վերջին 5 տարում հազարավոր թուրք ընդդիմադիրներ են փախել Էրդողանի բռնապետական ռեժիմից ու ապաստանել արտերկրում, սակայն այնտեղ էլ ապրում են առեւանգվելու ահը սրտում:
«Այս գործողությունները ոչ միայն վախի մթնոլորտ են ստեղծում այլ երկրներում ապաստանած թուրքերի շրջանում, այլեւ խախտում են այդ երկրների ինքնիշխանությունը: Ով էլ լինի անողը, արդեն ժամանակն է, որ բոլորը ԱՄՆ-ի գլխավորությամբ ընդդիմանան նման առեւանգումներին:
Այլ երկրներում Թուրքիայի ապօրինի գործողություններն անտեսելը ավելի է խրախուսում նոր գործողություններ իրականացնելուն»,- գրել է ամերիկաբնակ թուրք մարզիկը:
Նշենք, որ Քանթերի նկատմամբ Թուրքիան հայտարարել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։