Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ ներկա կլինի Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստան գործուղվող պատվիրակությունը ղեկավարելու է գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սմիրնովը:
Պատվիրակության կազմում կլինեն Դաշնության խորհրդի սահմանադրական եւ պետական շինարարության հարցերի հանձնաժողովի անդամ Օլեգ Ցեպկինը, միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Վադիմ Դենգինը եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Կոլբինը: