Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ շուտով երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ «Այս պահին ես չեմ կարծում, որ ռուսական կողմը տարաձայնություններ կամ Զանգեզուրի միջանցքի շուրջ աշխատանքը հետաձգելու մտադրություններ ունի։ Ընդհակառակը, Ռուսաստանը որպես օգնական է հանդես գալիս»,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Անկարան շատ է կարեւորում Ադրբեջանի նախաձեռնած Զանգեզուրի միջանցքի ստեղծումը եւ աջակցում է այդ նախագծին։
«Իհարկե, դա մեծ առավելություններ կբերի Հայաստանին։ Ռուսաստանը նույնպես դրական է վերաբերվում այդ հարցին։ Որովհետեւ դա կարեւոր միջանցք է, կարեւոր գիծ»,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ ցանկանում են այդ նախագիխն իրականցնել հրադադարի հսատատման եռակողմ հայտարարությամբ նշված հնգամյա ժամկետում»:
Միջանցքի ստեղծման նախագիծն ամրագրված է նաեւ Ալիեւի ու Էրդողանի` Շուշիում ստորագրած հռչակագրում։
Էրդողանը հիշեցրել է Ղարաբաղի հարցով համագործակցության վեց պետությունների պլատֆորմի գաղափարը:
«Այդ ծրագրի առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Իրանը, բայց մենք կցանկանայիք, որ նախաձեռնությանը միանան նաեւ Հայաստանը եւ Վրաստանը»,- հայտարարել Էրդողանը եւ ընդգծել, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի պլատֆորմի հարցում:
Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ Էրդողանը չի բացառել նաեւ Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը:
«Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի հռչակագրի շրջանակում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ժամանակ, եւ մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթը Ադրբեջանի սահմանների ամբողջ երկայնքով անվտանգության ապահովման խնդիրն է: