«Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանները:
Մեր առաջնայնություններից են Հայաստանի անկախ արտաքին քաղաքականությունը եւ անվտանգությունը: Մենք հանդես ենք գալիս Ֆրանսիայի Հանրապետության հետ Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցության պայմանագրի կնքման օգտին, Հայաստանի բանակի վերազինման, վերակազմակերպման եւ վերապատրաստման համար՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Այդ առումով գտնում ենք, որ մինչեւ տարվա վերջ այդ հնարավորությունը՝ պայմանագիր կնքելու, առկա է:
Կարեւոր ենք համարում նաեւ աշնանը ՄԱԿ-ի վեհաժողովում ներկայացնել Արցախի անկախության իրավական հիմքերը, դիմել Հաագայի միջազգային դատարան՝ Արցախի անկախության հարցով խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: Սա եւս հրատապ եւ կարեւոր խնդիր է, որը մեծ նշանակություն ունի Արցախյան հարցի ճգնաժամի կարգավորման համար:
Երրորդ ուղղությունը կապված է Հայաստանում տնտեսությունն ընդլայնելու եւ կայուն զարգացման հիմքեր դնելու հետ՝ արտադրության վերականգնում, քաղաքաշինական միջավայրի վերակառուցում եւ բնության վերականգնում: Այդ երեք բաղադրիչները միասին ձեւավորում են տնտեսության կայուն զարգացման մեր ծրագրի գլխավոր դրույթները: Տնտեսության ընդլայնման համար մենք կարեւոր ռազմավարություն ենք ընտրել ներգրավել միջազգային խոշոր կորպորացիները, որոնք ի վիճակի են նոր գործարաններ կառուցելու, նոր տեխնոլոգիաներ բերելու Հայաստան՝ արդյունաբերությունը վերականգնելու համար: Նախատեսում ենք պետության եւ այդ կորպորացիաների միջեւ համագործակցություն, որում պետությունը հանդես է գալիս որպես համաներդրող՝ տրամադրելով տարածք եւ ներդնելով կապիտալ շինարարության ծախսերը, իսկ արտասահմանյան գործընկերը ներդնում է տեխնոլոգիաներ, սարքավորումներ եւ գիտելիք է բերում՝ աշխատողներին պատրաստելու, նոր բիզնես մշակույթ ձեւավորելու համար: Սրանք մեր ծրագրի այն կետերն են, որ կարծում ենք, միայն մենք կարող ենք իրականացնել, որովհետեւ կախում չունենք ո՛չ Մոսկվայից, ո՛չ այլ պետության ղեկավարներից, ո՛չ էլ Հայաստանի օլիգարխիայից, ազատ ենք որեւէ պարտավորությունից եւ կարող ենք մեր երկրի համար այս կարեւորագույն հարցերը առաջ տանել:
Մենք գտնում ենք, որ ուժի սպառնալիքի ազդեցության տակ եւ ուժի կիրառման հետևանքով ցանկացած միջազգային համաձայնություն (իսկ նոյեմբերի 9-ի այդ եռակողմ համատեղ հայտարարությունը, որ նույնիսկ միջազգային համաձայնագիր չէ, այլ ընդամենը քաղաքական որոշում) չի կարող դիտարկվել որպես միջազգային հարաբերություններում խաղաղության կամ միջազգային համագործակցության համար հիմք հանդիսացող հենարան: Միջազգային իրավունքն առհասարակ նման ուժով պարտադրված որոշումներն առոչինչ է ճանաչում, եւ մեր մոտեցումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխանում է միջազգային իրավունքի հենց այդ սկզբունքին: Մենք կարծում ենք, որ այդ եռակողմ որոշումը՝ որպես հրադադարի մասին որոշում, չի պպարունակում հստակ ձեւակերպումներ, թե որտեղ պիտի ձեւավորվի նոր շփման գիծը, որտեղ պետք է տեղակայված լինի ծանր զրահատեխնիկան, որտեղ պետք է տեղակայվեն երկու կողմերի դիրքերը եւ այլ պետությունների դիտորդները կամ զինված ուժերը: Ուստի ստեղծվեցին ծանր իրավիճակներ, որոնցից է Խծաբերդի դեպքը, երբ 60-ից ավելի հայ զինվորներ գերեվարվեցին Ադրբեջանի զինուժի կողմից: Զգալի հատված, որ գտնվում էր հայկական վերահսկողության տակ, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունելու պահին անցավ Ադրբեջանի հսկողությանը: Տեսնում ենք նաեւ, որ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը տեղի չունեցավ: Այսինքն՝ սա ոչ միայն առոչինչ միջազգային համաձայնագիր է, այլև անորակ քաղաքական համաձայնագիր, այն չի պարունակում հրադադարի համար անհրաժեշտ պայմաններ:
Արցախի ապագան առհասարակ կախված չէ Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափից, որն առաջարկում են Մոսկվան ու Բաքուն: Արցախի կարգավիճակը պետք է որոշի ԵԱՀԿ-ն, մեզ համար կարեւորագույն հարց է Մինսկի ձեւաչափի շրջանակում ԵԱՀԿ-ի առջեւ հարց դնել՝ արդյոք այն պետությունները (Ադրբեջանն ու Թուրքիան), որոնք վիճելի հարցերի լուծում գտնելու համար դիմել են ուժի կիրառման, իրավասո՞ւ են այսուհետ մասնակցելու Արցախի կարգավիճակի որոշմանը: Մենք գտնում ենք, որ ուժի չգործադրման սկզբունքը եւ բանակցություններով վեճերի կարգավորման սկզբունքը միջազգային իրավունքի արմատական սկզբունքներն են, եւ դրանց խախտումը պետք է հետեւանք ունենա. պատերազմը սանձազերծած պետությունները պետք է զրկվեն Արցախի կարգավիճակը որոշելու հարցում իրենց մասնակցությունից: Մեր այդ դիրքորոշումը մտադիր ենք ԵԱՀԿ-ին եւ Մինսկի խմբին ներկայացնել: Մենք կողմ ենք, որ պահպանվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի նորմերը, եւ անհետեւանք չմնան դրանց կոպիտ խախտումները:
Այդ պատճառով ենք նաեւ մենք մասնակցում ընտրություններին, որովհետեւ փոխվել են աշխարհաքաղաքական իրողությունները, եւ մենք հակադրվում ենք այսօր Հայաստանում ավանդական քաղաքական ուժերի կողմից ներկայացվող այն դիրքորոշմանը, թե պետք է շարունակել միակողմանի արտաքին քաղաքականություն եւ հետեւել ՌԴ-ի, այսպես ասած, շահերի սպասարկման հրամայականին: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է փոխի աշխարհաքաղաքական իր մոտեցումները, այսօր մեզ մեր ինքնիշխանությունը հիմք է տալիս իրականացնելու անկախ քաղաքականություն: Մենք ենթադրում ենք, որ անվտանգության ոլորտում միջազգային բաղադրիչը մեծ ճգնաժամ է ապրում Հայաստանի դեպքում, որովհետեւ ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը եւ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը առհասարակ չնպաստեցին տարածաշրջանում խաղաղությանը, այլ ընդհակառակը, ըստ էության, սադրիչ դեր խաղացին:
Արցախի հարցը, ինչպես ասացի, պետք է դուրս գա Ադրբեջանի եւ Թուրքիայի իրավասության տիրույթից: Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչվի. դա է այսօր կարգավիճակի հարցում հստակություն մտցնելու միակ ճանապարհը: Մենք ողջունում ենք Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը եւ կարծում ենք, որ դիվանագիտական ասպարեզում սա է գլխավոր խնդիրը: Ինչ վերաբերում է սահմաններում տիրող լարվածությանը, մենք վստահ ենք, որ վեց ամսվա ընթացքում կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկեց՝ նոր շփման գծում պաշտպանական դիրքեր ձեւավորելու համար, այդ բացը հարկավոր է արագ լրացնել: Այդ առումով մենք նախատեսում ենք ռազմական ծախսերի ավելացում: Այդ ծրագրերը պետք է իրականացնել հնարավորինս շուտ, որպեսզի ապահովվի Գեղարքունիքի, Սյունիքի եւ մեր մյուս սահմանամերձ շրջանների անվտանգությունը:
Այո՛, մենք գտնում ենք, որ Հայաստանում տրամադրություններն օր օրի փոխվում են, եւ մեր հանրության մեծամասնությունը տեսնում է, որ Ռուսաստանի հետ ավանդական քաղաքականությունը միակողմանի արտաքին քաղաքականություն է, եւ հայկական շահերի ստորադասվածությունը Ռուսաստանի արտաքին շահերին արդեն չի համապատասխանում հայ ժողովրդի սպասելիքներին, եւ համարում ենք, որ այո՛, մեկնարկել է այն քաղաքական գործընթացը, որի արդյունքում փոխվում է հանրային կարծիքը: Հանրությունը մեր եւ եւս մի քանի քաղաքական ուժերի շնորհիվ տեսնում է, թե ինչպես ենք հանդես գալիս հօգուտ Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության: Կարեւոր հանգամանք է, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտավ Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Սրանք կարեւոր գործոններ են, որոնք թույլ են տալիս Հայաստանին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել եւ ի նպաստ մեր ժողովրդի, մեր անվտանգության, մեր տնտեսության օգտագործել միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող բոլոր հնարավորությունները:
Մենք գտնում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կարող են հաստատվել, երբ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Հայաստանին պատկանող տարածքներում, որոնք Թուրքիան ուժով առգրավել է 1920-ին, առ այսօր անհանգիստ է, անկայուն է իրավիճակն այնտեղ, այդ տարածքներում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Մեր կարծիքով իրավիճակը կարող է կարգավորվել միայն միջազգային միջամտությամբ, երբ ՄԱԿ-ը մանդատ կունենա այդ տարածքներում կառավարում իրականացնելու, որի ներքո թե՛ այդ քաղաքացիական պատերազմը կդադարի, եւ թե՛ Հայկական հարցի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ համապատասխան կոմպենսացիաները եւ ռեստիտուցիաները իրականացնելու համար: Մեզ համար կարեւոր է, որ մեր պատմական հայրենիքում հայկական ազգային օջախները վերականգնվեն, եւ մեր հայրենակիցները կարողանան իրենց ազգային իղձն իրականացնել՝ վերադառնալ պատմական հայրենիք: Դրա համար անհրաժեշտ պայմանները, ինչպես ասացի, կախված են ոչ միայն Թուրքիայից, այլեւ ողջ միջազգային հանրությունից, եւ ՄԱԿ-ի կողմից Արեւմտյան Հայաստանի նկատմամբ մանդատը այն լուծումն է, որը, մեր կարծիքով, կարող է բերել հայ-թուրքական՝ մեկ դարից ավելի տեւող հակամարտության ողջամիտ եւ տրամաբանական լուծմանը: Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ գտնում ենք, որ ԱՄՆ-ը այն պետությունն է, որ կարեւոր դերակատարություն կարող է ունենալ հայերի իրավունքները Թուրքիայում վերականգնելու հարցում:
Արդեն ասացի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրավական առումով առոչինչ, քաղաքական առումով անորակ մի որոշում է, որը հեռանկար չունի այդ միջանցքների ստեղծման եւ հաղորդակցության ուղիների բացման առումով: Միջանցքների մասին առհասարակ խոսք չկա այդ որոշման մեջ, մեկ միջանցք է նախատեսվում՝ Հայաստանն Արցախի հետ կապող: Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, ապա մենք կարծում ենք, որ պետք է հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների դեկտեմբերի 2-ի հայտարարությունը, ըստ որի կայուն խաղաղության վերաբերյալ համապարփակ պայմանագիրը պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այսինքն՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիներին վերաբերող բոլոր հարցերում պետք է հաշվի առնել ոչ միայն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլեւ Եվրամիության եւ մյուս հարեւանների շահերը: Մենք տեսնում ենք Վրաստանի անհանգստութունը՝ կապված ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի հետ, որը ուզում են փաթաթել Հայաստանի վզին: Մենք տեսնում ենք Իրանի ընդվզումը եւ համոզված ենք, որ այս ամենը վկայում է, որ Ռուսաստանի նմանատիպ մոտեցումն իրականում ոչ թե նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը, այլ ընդհակառակը՝ սրելու է գոյություն ունեցող վիճակը: Տարածաշրջանում բոլոր ուղիները պետք է բաց լինեն, եւ հաղորդակցության ուղիների բոլոր նախագծերը պետք է ներառեն բոլոր մասնակիցների շահերը. թե՛ մեր հարեւան, թե՛ հեռու գտնվող գործընկերները հետաքրքրություն ունեն այդ հարցերում: Նույնիսկ Հնդկաստանը, Չինաստանը, Եվրամիությունը ուշադիր են այս հարցերի հանդեպ, եւ անհնար է փորձել անտեսել այս ամենը: Հարցը միջազգային լայն համագործակցության շրջանակում է, ոչ թե միայն ռուս-թուրքա-ադրբեջանական դաշտում:
Մենք համոզված ենք, որ այդ հարցին հնարավոր է անցնել միայն Արցախի կարգավիճակը հաստատելուց հետո եւ, առհասարակ, նման գործընթացները՝ սահմանագծում-սահմանազատում, արվում են այն պետությունների միջեւ, որոնք ունեն գոնե դիվանագիտական հարաբերություններ: Դրան հասնելու համար Ադրբեջանի հետ հարկավոր է խաղաղության պայմանագիր ունենալ: Ինչպես ասացի, մեր մոտեցումն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը կարող է ձեռք բերվել Արցախի Հանրապետության ճանաչման, նրա տարածքային ամբողջականության վերականգման հիմքի վրա: Արցախի Հանրապետությունը հռչակված է եղել ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքներում, այն պետք է ունենա միջանցք Հայաստանի հետ, եւ այդ առումով մենք համոզված ենք, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ կարգավիճակի ճանաչումն այն նախադրյալներն են, որոնք հետագա բոլոր քայլերի սկիզբն են դնում: Սակայն չի կարող «սայլը ձիուց առաջ ընկնել»: Մոսկվայի առաջարկը, որ արվեց ընտրություններին ընդառաջ, Հայաստանում ստեղծեց լուրջ ճգնաժամ, մեր դիվանագիտական կորպուսի վերնախավն ամբողջ կազմով հրաժարական տվեց՝ նշելով, որ եռակողմ ձեւաչափով սահմանագծման եւ սահմանազատման գործողությունները դեմ են մեր պետական շահերին, եւ արձագանքեցին իրենց հրաժարականներով՝ համարելով, որ այդ պատասխանատվությունը չեն կարող կիսել Նիկոլ Փաշինյանի հետ:
Ընտրությունները, կարծում եմ, մեծ մասամբ լինելու են ազատ: Իհարկե, նաեւ տեսնում ենք, որ դրամական խոստումների եւ ընտրակաշառքների ազդեցությունը կա, եւ նախկինում ընտրակաշառք բաժանած կուսակցություններն ազատ մասնակցում են նաեւ այս ընտրություններին, այդ հակապետական գործունեությունը շարունակում են ավանդաբար կատարել, նաեւ տեսնում ենք մյուս կողմը՝ իշխող ուժի վարչական ռեսուրսի օգտագործումը եւ պարտադրանքի ազդեցության տակ քվեարկելը, բայց ընդհանուր առմամբ, հանրությունն ունի ազատ քվեարկելու հնարավորություն, մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, ուստի եւ մասնակցում ենք ընտրություններին: Մեր մտահոգությունն այն է, որ ընտրական հանձնաժողովների համակարգը չի փոխվել, տեղյակ ենք, որ Տիգրան Մուկուչյանը դեռեւս 2012-ից ԿԸՀ-ում կայուն կազմակերպված հանցավոր խումբ է ստեղծել, եւ դա մի կայացած համակարգ է, որը հնարավորություն է տալիս վերջնական արդյունքները փոփոխելու: Այդ առումով մենք լուրջ մտահոգություններ ունենք, կա խնդիր՝ հավաքված քվերները պահպանել ընտրատեղամասերում, որովհետեւ որեւէ երաշխիք, որ այդ քվեները գողանալու են, այսօր չկա: Նույն քվե գողացողներն իրենց տեղերում են, շոյված են իշխանությունների կողմից եւ պատրաստ վիճակում են:
Այո՛, բացառում ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի եւ նրա արբանյակ կուսակցությունների, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց դաշինքի արբանյակ կուսակցությունների հետ համագործակցություն:
Կարեւոր հարց է լինելու սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողով ձեւավորելը: Մեր դաշինքի սահմանադրական ժողովի նախագահի թեկնածուն Պարույր Հայրիկյանն է, որը մշակած առաջարկ ունի՝ Հայաստանում բացարձակ ժողովրդավարություն հաստատելու համար, եւ այդ գործընթացն առաջնային է մեզ համար, մենք մտադիր ենք 2022 թվականին նոր սահմանադրություն ներկայացնել հանրային քննարկման: Երկրորդ քայլը սահմանների պաշտպանությանն ուղղված գործողություններն են լինելու, եւ երրորդ քայլը հստակություն մտցնելն է բոլոր այն հարցերում, որոնցով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անորոշություն ստեղծեց եռակողմ ձեւաչափով այդ որոշումներն ընդունելուց հետո: