ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը դատապարտել է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ Ասատրյանն անդրադարձել է սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարել են, թե սատարում են քարորզարշավին մասնակցող ուժերից մեկին։
«Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, եւ այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից՝ տեսանյութում հնչած միտքը արտացոլո՞ւմ է նրանց ցանկությունը, թե՞ ոչ։ Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, եւ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»,- նշել է գնդապետ Սամվել Ասատրյանը։
Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվել են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր։
Պաշտպանության բանակն ընդգծելել է, որ դա բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից:
Ըստ ՊԲ-ի՝ արձանագրված դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։
Պաշտպանության բանակը խստորեն դատապարտել է բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին կոչ անում «ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել եւս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»:
«Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, եւ բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարեւորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում: