ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները համաձայնության են հասել, որ Թուրքիան առաջատար դեր կստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում։
Թուրք-ամերիկյան բանակցությունները պայմանավորված են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ: Անկարան ցանկություն էր հայտնել ամերիկյան զորքի դուրսբերումից հետո անվտանգություն ապահովել Քաբուլի օդանավակայանում։
Սալիվանը նշել է, թե Բայդենն ու Էրդողանը հստակ հայտարարել են, որ Թուրքիան առաջատար դեր կունենա Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու գործում։
«Այժմ ուսումնասիրում ենք, թե դա ինչպես կարող է իրականացվել»,- նկատել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Միեւնույն ժամանակ Սալիվանը հայտնել է, որ երկու նախագահները համաձայնության չեն եկել թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ առաջացրած ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում։
ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ՝ մեկ անգամ եւս կոչ անելով չգործարկելու ռուսական ՀՕՊ համակարգերը, քանի որ, ըստ ԱՄՆ-ի, դրանք սպառնալիք են ՆԱՏՕ-ի անվտանգության համար։