ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հայտնել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 317291 քաղաքացի կամ ընտրողների 12,2 տոկոսը։
2018-ի ընտրություններին նույն ժամին քվեարկել էր 7.8 տոկոսը:
Սահմանադրությամբ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այս ընտրություններում առաջին անգամ կիրառվում է առանց ռեյտինգային ցուցակների ընտրակարգը:
Ըստ ընտրական օրենսգրքի՝ խորհրդարանի մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների (դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Իսկ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները: