ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումները մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Մինչեւ այժմ հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
ՊՆ-ն նշել է, որ սոցցանցերում եւ մի շարք լրատվամիջոցներով 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները ՊՆ-ում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։
«Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են բացառապես զինծառայողներին ընտրական տեղամասեր համակարգված կերպով բերելու փաստի վրա, իսկ հրապարակումներին կից տեսանյութերն ասվածի վկայությունն են. այդ տեսանյութերում ընդամենը պատկերված են ընտրական տեղամասերի մոտ գտնվող զինծառայողներ, իսկ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որեւէ հիմնավոր փաստարկից։
Ավելին՝ այս պահին առկա՝ ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներում նշված ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների կողմից զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել։
Հարկ ենք համարում նշել, որ ժամկետային զինծառայողներին քվեարկության համար խմբերով ընտրական տեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու ծառայողական անհրաժեշտությամբ»,- պարզաբանել է նախարարությունը։
ՊՆ-ն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով կտրականապես արգելվում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն ու որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը։
ՊՆ-ն հորդորել է ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը՝ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերն ուսումնասիրելու համար: