ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ 15։00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։
Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու խնդրին, քվեարկության կարգի խախտմանը եւ այլն։
Սոցցանցերի եւ լրատվամիջոցների հրապարակումներում ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձեւի խախտումները եւ այլն:
ՄԻՊ-ը հայտնել է, որ ահազանգերով եւ մշտադիտարկման արդյունքների հիման վրա տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել եւ պարզաբանումներ ստացվել ԿԸՀ-ից, ՊՆ-ից, Նորքի տուն-ինտերնատից, իրականացվել են այցեր ոստիկանության բաժիններ:
ՄԻՊ-ը հիշեցրել է, որ պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Նշված մարզերից բացի՝ ներկայացուցիչներ են գործուղվել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու եւ ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով: