Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 8։00-13։00-ի դրությամբ, դատախազությունը ստացել է 64 հաղորդում եւ ահազանգ. 16-ը՝ ԶԼՄ-ի կողմից, 28-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ սոցցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 23-ը՝ ոստիկանության կողմից ստացված օպերատիվ տվյալներ։
Սստացված հաղորդումներից եւ ահազանգերից 16-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությանը խախտելու, 1-ը՝ ընտրողների ցուցակը կազմելու, դրանք քաղաքացիներին եւ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու եւ ստանալու, 16-ը ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, 3-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի հարող տարածքում բռնություն գործադրելու, 1-ը՝ բռնության սպառնալիքի դեպքերին: Վերջին դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ, եւ իրականացվում է նախաքննություն:
Եւս 15 բողոք վերաբերել է մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկ հաղորդում՝ կեղծ ընտրական քվեարթերթիկներ կամ ծրարներ պատրաստելու, հանձնելու կամ իրացնելու դեպքերին, 1-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, եւ 2-ը այլ՝ պաշտոնական լիազորություները չարաշահելուն։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում ուղարկվել է ոստիկանություն՝ դրանց ուղղությամբ ստուգողական գործողություններ իրակացնելու նպատակով, 26-ն ուղարկվել է հետաքննության եւ նախքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
Ըստ «Ազատության»՝ վերոնշյալ մեկ քրեական գործը հարուցվել է Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ այսօր առավոտյան հնչած կրակոցների դեպքով՝ քրեական օրենսգրքի 149․2 2-րդ մասով, 154․4 հոդվածով: Ոստիկանության տվյալներով՝ մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության։