ՀՀ ԱԳՆ-ն այսօր Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այս տարի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այդ օրը վերաիմաստավորվում է նոր մարտահրավերների ի հայտ գալով:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո բնակավայրերից տեղահանվել եւ Հայաստանում է հաստատվել մոտ 90 հազար մարդ, որից 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են: Տեղահանվածների զգալի մասը Շուշիից եւ Հադրութի շրջանից է եւ այսօր չի կարող վերադառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայրենի բնակավայրեր:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ չի իրականացվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ:
«Դեռեւս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները եւ, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը եւ համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով:
Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների եւ, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ»,- հայտարարել է ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ ստեղծվել է աննախադեպ մարդասիրական իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից:
ՀՀ արտգործնախարարությունը շեշտել է, որ դատապարտելի են փախստականների խնդիրների շահարկումը եւ դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: