Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լրագրողներին ներկայացնելով Ադրբեջան կատարած այցի մանրամասները, նշել է, որ Շուշիում քննարկել են բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը, տարածաշրջանային երկրների խաղաղությանը, կայունությանը եւ բարօրությանը նպաստող հարցերը:
Լրագրողի՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա բացելու մասին հարցին ի պատասխան Էրդողանն ասել է, որ այդ հարցը Շուշիի հռչակագրի հոդվածներից դուրս չէ:
Էրդողանը, սակայն, ընդգծել է, որ այս պահին ամենակարեւորը սահմանների անվտանգության ապահովումն է: Ըստ նրա՝ այդ հարցի հետագա զարգացման վրա կարող են անդրադառնալ Ալիեւի եւ Պուտինի հանդիպումները:
Այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» Էրդողանը բնութագրել է իբրեւ ապագա համագործակցության երաշխիք։
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաեւ Հայաստանին եւ ականապատ տարածքների քարտեզների թեմային: Հիշեցնելով, որ օրեր առաջ Քարվաճառում ականի պայթյունից 3 քաղաքացիական անձ է մահացել՝ Էրդողանն ասել է. «Հայաստանը պետք է սկսի վստահությունը բարձրացնող քայլեր անել: Այս ուղղությամբ կարեւոր առաջին քայլը կլինի ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանին տալը»:
Նա ընդգծել է, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս շրջանում Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Անկարան Բաքվին է տրամադրել թուրքական արտադրության մեկ տասնյակի հասնող ականազերծիչ մեքենաներ: