ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ՀՀ ԱԺ ընտրություններին էլեկտրոնային տարբերակով մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 650 ընտրողից 500-ը: 45 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առաջին տեղում է ՔՊ-ն, որին հաջորդում են «Հայաստան» դաշինքը եւ Հայ ազգային կոնգրեսը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 163, «Հայաստան» դաշինքը` 135, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 43 քվե: «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 14, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 14, «Հանրապետություն»-ը` 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 3, «5165 ազգային պահպանողական շարժում» եւ Ազատական կուսակցությունները`12-ական քվե:
Էլեկտրոնային եղանակով քվեարկել են արտերկրի ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
Նման եղանակով քվեարկելու իրավունք է վերապահվել նաեւ արտերկրում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողներին եւ այնտեղ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամներին:
Էլեկտրոնային քվեարկությունն անցկացվել է հուլիսի 11-13-ը: Արդյունքները հաշվվել են այսօր՝ ժամը 20:00-ից հետո: