«Դալմա-Սոնա» հիմնադրամի ահազանգով այցելեցինք Դալմայի այգիներում գտնվող վիճելի հողատարածք, որտեղ վեճ էր ծագել տարածքի (կամ հարակից տարածքի) սեփականատերերի եւ հիմնադրամի շահառու Մանվել եւ Վարազդատ Արզոյանների միջեւ:
1993 թվականից Վարազդատ Արզոյանը տիրապետում է Դալմայի այգիների տարածքում գտնվող այս հողակտորին, որը մի փոքրիկ հատվածն է իրեն՝ որպես կոլտնտեսականի ժառանգ տրված 2441 քմ տարածքից: Այդ տարածքից դեռևս տարիներ առաջ՝ Երվանդ Զախարյանի քաղաքապետության օրոք, մոտ 547 քմ տրվել է «Դալմա ինվեստ» կազմակերպությանը, 927,7 քմ՝ «Շինարարների 1» կազմակերպությանը, ինչի համար նա մասամբ ստացել է փոխհատուցում 3մլն 300 հազար դրամի չափով: Այն ժամանակ նրան Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը պատասխանել է, որ մնացած 547 քմ տարածքի համար գումարը կստանա, երբ «Դալմա ինվեստ»-ը փոխանցի հատուցման գումարը «Երեւան» հիմնադրամին:
Այս տարիների ընթացքում Վարազդատի տարեց ծնողները ապրել են մնացած 959 քմ տարածքում տեղադրված տնակում, մշակել ու կանաչապատ պահել տարածքը՝ չնայած 2004-ից ոռոգման ջրի մատակարարման դադարեցմանը: Ընդ որում՝ տնակը նրան տրամադրել են նրա ընտանիքի կողմից կառուցված 197,8 քմ տարածքով շինությունը քանդելու դիմաց: Նշված տարածքի հասցեն Ֆ.Վերֆելի 40/3-ն է:
Արզոյանը մինչեւ 2008 թվականը վարձակալության պայմանագիր է ունեցել, հետո դիմել է Ֆ.Վերֆելի 40/3 հասցեում գտնվող տարածքը եւ ինքնակամ կառուցված շինությունը սեփականաշնորհելու խնդրանքով: Սակայն գործընթացը ձգձգվել է առ այսօր:
Հունիսի 17-ին «Շինարարների Մեգա Ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ եկել էին չափագրելու: Մեզ ներկայացրին 2015 թվականից սեփականության իրավունքով իրենց պատկանող Ֆ.Վերֆելի 40/2 հասցեի տարածքի վկայականը: Չափագրվող տարածքի մի հատվածը, սակայն, Վարազդատի հոր՝ Մանվել Արզոյանի համոզմամբ, իր կողմից օգտագործվող 959 քմ տարածքի մի մասն է: Մյուս կողմի ներկայացուցիչների պնդմամբ էլ իրենց է պատկանում, եւ Արզոյանը արդեն երրորդ տարին է՝ խոչընդոտում է իրենց չափագրման աշխատանքներին, դրա համար էլ ոստիկանների ուղեկցությամբ են եկել, որոնց գործը, ինչպես նշեց կապիտան Պողոսյանը, հասարակական կարգը պահպանելն էր:
«Շինարարների Մեգա Ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների պնդմամբ տարիներ առաջ իրենք ստիպված են եղել դիմել դատարան, քանի որ Արզոյանը հրաժարվել է տրամադրել փաստացի իր կողմից օգտագործվող տարածքն անգամ փոխհատուցման դիմաց: Իսկ փոխհատուցումն էլ պատրաստ են եղել վճարելու որպես բարի կամքի դրսեւորում: Սակայն անգամ ավելի ուշ՝ 2018-ին, Դալմայի այգիների մեկ այլ տարածքի վերաբերյալ ՀՀ Կառավարության կայացրած որոշմամբ փաստացի հողօգտագործողները փոխհատուցում պետք է ստանան: Փոխհատուցման առաջարկի վերաբերյալ երկու կողմերն էլ մեր ներկայությամբ միմյանց մեղադրում էին ստախոսության մեջ՝ ներկայացնելով հակասական տեղեկություններ: Սակայն մի բան հաստատ նշվեց, որ Արզոյանը պահանջել է տարածքում կառուցվելիք շենքում 3 սենյականոց բնակարան, ինչը կազմակերպության ներկայացուցչի կարծիքով շատ մեծ պահանջ է, քանի որ Դալմայի այգիների տարածքի հողօգտագործողներին որպես փոխհատուցում 1 քմ-ի համար տրամադրվել է ընդամենը 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Դալմայի այգիների ու հողօգտագործողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ Ռուզաննա Ղազարյանի պնդմամբ այգիների նախկին կոլտնտեսականներից ոմանց տրվել է փոխհատուցում 1 քմ-ի դիմաց 20 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, թեեւ ՀՀ Կառավարության մի քանի որոշումներով Դալմայի այգիների հողատարածքի 1 քմ-ի համար նախատեսվել է անգամ 40 ԱՄն դոլարին համարժեք դրամ: Ինչեւէ, «Շինարարների Մեգա Ասոցիացիա» ՀԿ-ն չի պատրաստվում այլեւս որեւէ փոխհատուցում առաջարկելու, քանի որ իրենց նախկին առաջարկները մերժվել են, ու երեք տարի իրենք բանակցությունների վրա ժամանակ են կորցրել: Մինչդեռ, Ռուզաննա Ղազարյանի կարծիքով, հողատարածքները վարձակալներից կամ փաստացի օգտագործողներից կարելի է հետ վերցնել միայն նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուց հետո:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետի 2014 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ «Շինարարների Մեգա Ասոցիացիա»-ին «տրամադրված հողամասի մակերեսը կազմում է 2335.0 քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 2600.0 քմ-ի փոխարեն»։ Այսպիսով՝ Արզոյանը՝ որպես տարածքի նախկին վարձակալ եւ փաստացի օգտագործող, իրավունք ուներ չհամաձայնելու չափագրման աշխատանքներին: Որոշումից նաեւ տեղեկանում ենք, որ 2335.0 քմ մակերեսով հողամասը կազմակերպությանը տրամադրվել է ուղղակի վաճառքի ձեւով՝ տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով՝ մոտ 38,5 մլն դրամով:
Վիճահարույց տարածքի վերաբերյալ մեր խնդրանքով Ասոցիացիայի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Կարագուլյանը տրամադրեց Ֆ.Վերֆելի 40/2 հասցեի տարածքի սեփականության վկայականի պատճենը, որով հողամասի մակերեսը 1532 քմ է, մյուս փաստաթղթերը նրա տեղեկացմամբ իրավաբանի մոտ են:
Այս տարվա հունվարին Արզոյանը դիմել է իր կողմից օգտագործվող տարածքը սեփականաշնորհելու համար, որին հաջորդել է օրենքով սահմանված գործընթաց, եւ երկու օր առաջ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժին: Հետաքրքրական է, որ «Շինարարների Մեգա Ասոցիացիա» ՀԿ-ն հետաքրքրված է նաեւ Ֆ.Վերֆելի 40/3 հասցեում գտնվող տարածքով, որը ցանկանում է օգտագործել որպես շինհրապարակի անվտանգության գոտի: Կազմակերպության ներկայացուցիչների պնդմամբ իրենք պատրաստվում են վարձակալելու այն Երեւանի քաղաքապետարանից: Սակայն «Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ Ռուզաննա Ղազարյանի պնդմամբ, ՀՀ օերնսդրության համաձայն, տարածքը նախապատվության իրավունքով առաջնահերթ պետք է տրվի Արզոյանների ընտանիքին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ը Անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Անապատացումը սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանն ու գոյատեւմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը միայն գյուղատնտեսական արտադրանքի կորստի ձեւով միլիարդավոր դոլարների վնաս են պատճառում։ Այս առիթով շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության հետ համագործակցությամբ այսօր Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում միջոցառում է կազմակերպվել, որտեղ աշակերտները ներկայացրել են անապատացման դեմ պայքարի կարեւորությունը, դրա հետեւանքները կենսաբազմազանության, շրջակա միջավայրի անվտանգության, աղքատության վերացման, սոցիալ-տնտեսական կայունության եւ կայուն զարգացման վրա:
Երեւանում արդեն իսկ նկատելի է միկրոկլիմայական պայմանների վատացում՝ միջին ջերմաստիճանի տարեցտարի բարձրացում, հատկապես ամռան ընթացքում տեւական չոր օրերի ավելացում: Մինչդեռ Դալմայի այգիների շինհրապարակի վերածված տարածքի կառուցապատման կամ, այսպես կոչված, ուրբանիստական զարգացման վերաբերյալ դեռեւս որևէ փաստաթուղթ հանրությանը չի ներկայացվել, տարածքը կառուցապատվում է կետային, ու մենք դեռ չգիտենք, թե ինչքան կանաչ տարածք կմնա արդյունքում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։