ՀՀ Քննչական կոմիտեում այսօր ժամը 09:00-ի դրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքը խոչընդոտելու առերեւույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել եւ նախապատրաստվել են 87 նյութ եւ 2 քրեական գործ:
Նշված 89 դեպքերից 64-ն առնչվում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ զենքով ընտրատեղամաս մուտք գործելու եւ ընտրատեղամասում եւ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն:
Արձանագրվել է դիտորդի լիազորությունները խոչընդոտելու մեկ, ընտրական իրավունքը խոչընդոտելու երկու, ընտրատեղամասում եւ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու 1 դեպք:
Եվս մեկ դեպք կապված է կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու եւ իրացնելու հետ:
Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու եւ ընտրատեղամասում ու դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու եւ իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ:
Այդ քրեական գործերից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց: