Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երիտասարդների հետ հանդիպմանը պատմել է՝ ինչու եւ ինչպես է դարձել դիվանագետ։
Ըստ նրա՝ դիվանագետի մասնագիտությունն ինքն ընտրել է՝ ի հեճուկս աշխարհի տարբեր վայրերում թուրք դիվանագետներին ոչնչացնող Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի (Armenian Secret Army for the Liberation of Armenia) վրեժխնդրական գործողությունների:
«Վարժարանում սովորելիս հայկական ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ էր գործում մեր դիվանագետների վրա, զոհեր էինք տալիս: Ես էլ, ի հեճուկս նրանց, որոշեցի դառնալ դիվանագետ եւ սկսեցի սովորել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում»,- պատմել է Չավուշօղլուն։
Նա, սակայն, ոչ մի բառ չի խոսել ASALA-ի՝ Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմանն ուղղված գործողությունների, դրդապատճառների եւ Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականության մասին։
Ըստ փորձագետների՝ հակառակ նրան, որ Թուրքիայի արտգործնախարարը վերջին ժամանակներս խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իր պահվածքով պարզապես ատելություն է սերմանում հայերի հանդեպ թուրք հասարակության՝ հատկապես երիտասարդների շրջանում։