ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ԿԸՀ-ն բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները` նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի կողմից, աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու եւ ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նա նույն օրը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել:
ԿԸՀ-ն դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է: Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։
Հատուկ քննչական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է ընդունել։ Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու որոշում է ընդունվել:
Ըստ քրեական գործի` Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին եւ ընտրել կոնկրետ դաշինքի: