Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների եւ դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։
Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության եւ «168.am» լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին եւ Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում էր Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։
Գորիսի 34/03 ընտրատեղամասի բակում անհիմն սահմանափակվել է «ParaTV»-ի լրագրող Գրիգոր Գեւորգյանի աշխատանքը․ նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները։ Կապանի 35/37 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն իր հեռախոսով նկարել է «Զանգեզուր TV»-ի լրագրող Անուշ Միրզոյանի գործողությունները, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք եւ կաշկանդել աշխատանքը։ Երեւանի 9/21 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսեւորել «FreeNews.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի նկատմամբ, խաթարել նրա ազատ գործունեությունը։
Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։
Համեմատության համար նշենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման 3 դեպք, 2017-ի ԱԺ ընտրություններին՝ 5 ֆիզիկական եւ 14 այլ ճնշումների դեպք, 2012-ին՝ համապատասխանաբար 3 եւ 4։
Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատության եւ հասարակության տեղեկացված լինելու իրավունքին, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հունիսի 20-ի վերոհիշյալ միջադեպերը եւ իրավական գնահատական տալ դրանց։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, շարունակելու ենք հետեւել իրադարձությունների զարգացումներին եւ կոչ ենք անում իշխանություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նրանց համակիրներին, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հետընտրական ժամանակաշրջանում դրսեւորել միմյանց նկատմամբ զսպվածություն, հանդուրժողականություն եւ հարգալից վերաբերմունք, հրաժարվել ատելության խոսքից, թշնամանքից եւ հայհոյախոսությունից։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ