ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում Միացյալ Նահանգները շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը եւ կիսել ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բեւեռացվածության եւ բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին հորդորել է հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները եւ իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները:
«Մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը եւ խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
Միեւնույն ժամանակ պետքարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ ամրապնդելու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իր գործընկերությունը:
«Գովեստով ենք արձանագրում դեսպան Լին Թրեյսիի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության անձնակազմի ամուր ու շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նրանց նվիրվածության ու եռանդագին աշխատանքի միջոցով մենք կշարունակենք խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասված է հայտարարությունում: