ԵՄ խոսնակ Էրիկ Մեյմերը հայտարարություն է տարածել Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ըստ որի՝ Եվրոպական միությունը հայտնել է, որ հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին:
«Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ եւ, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, եւ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:
Մեյմերը հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընդգծել է՝ քարոզչության բացասական տոնայնությունը եւ հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացումը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ամբողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Դիմում-բողոքները կամ հայցադիմումները մանրակրկիտ եւ արդյունավետ եղանակով քննության պետք է առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերը:
«Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի եւ կառավարության հետ: Բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք միավորել ջանքերը եւ համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է է՛լ ավելի ամրապնդելու ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները եւ աջակցելու Հայաստանին՝ կյանքի կոչելու երկրում կարեւոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում: