Գյումրու Վարդանանց հրապարակը արտասովոր մարդաշատ է։ Հավաքված բազմության կենտրոնում Արցախի Ավետարանոց գյուղից Շիրակի մարզում ապաստանած Բաղդասարյանների ավագ որդին է՝ տարիքի համեմատ փոքրամարմին, ամաչկոտ ու քչախոս Սուրենը։ Նա իր շուրջն է հավաքել գյումրեցիներին․ Դյուցազնագրքում գրանցվելու հավակնոտ հայտ է ներկայացրել։
7-ամյա տղան, ըմբշամարտի կամուրջ դիրքում 28 վայրկյան որովայնի վրա պահելով 25 կիլոգրամանոց ծանրոցը, գրանցվեց Դյուցազնագրքում։
Այս մարզաձեւում հաղթանակ ունենալը Բաղդասարյանների ընտանիքում բարի ավանդույթ է։ «2014 թվականն էր, հեռուստացույցով պատահական տեսա, որ մի տղա կամուրջ դիրքում 114 կիլոգրամ արդյունքով գրանցվեց Դյուցազնագրքում, շատ զարմացա, ես 170 կիլոգրամից ավելին էի կարողանում պահել,- պատմում է հայրը՝ Սամվել Բաղդասարյանը,- դիմեցի կազմակերպությանը, շատ հանգիստ ու հեշտությամբ պահեցի 178 կիլոգրամն ու գրանցվեցի Դյուցազնագրքում»։
Սամվելը իր ռեկորդը թարմացնելու նպատակով սկսում է պարապել, սակայն վրա է հասնում 2016 թվականի չարաբաստիկ ապրիլի 2-ը։ Շտապում է առաջնագիծ ու հետաձգում սպորտային նպատակի իրականացումը։ Հոգեբանորեն ու ֆիզիկապես վերականգնվելու փորձերը վերջապես արդյունք են տալիս, բայց 2020 թվականի սեպտեմբերին էլ նոր պատերազմն է խառնում բոլոր ծրագրերը։
«Հոկտեմբերի 27-ին ընտանիքս տեղափոխեցի Հայաստան ու նույն օրը վերադարձա առաջնագիծ,- պատմում է Սամվելը,- շատ բան թողեցինք Ավետարանոցում, 140 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, մեկ տասնյակ ազնվացեղ ձիեր, մանր եղջերավորներ՝ մեծ ֆերմա. ամբողջը ստեղծել էինք զրոյից, արդար քրտինքով էին վաստակել»։
Հարցին, թե կար հնարավորություն ունեցվածքից գոնե մի բան փրկելու, բերելու, Սամվելը պատասխանում է․ «Մարդիկ իրենց ընտանիքներին չէին կարողանում փրկել, ամոթ էր, որ ես իմ ֆերմայի մասին մտածեի»։
Սամվելի կինը՝ Ռոզա Կարապետյանը, հարազատ գյուղի մասին խոսելիս արցունքները չի կարողանում զսպել, աշխատանք ուներ Ավետարանոցում, շեն տուն ու տեղ․ ամեն ինչ թողեցին թշնամուն։
Շիրակի մարզում Բաղդասարյանների ընտանիքին հյուրընկալել են Թորոս գյուղի Աղաջանյան ճամբարում։ Հունիսի 15-ին լրանում է ծրագրի ժամկետը, Բաղդասարյանները դեռ չգիտեն՝ որտեղ են ապրելու։
Նրանց ապրուստի անհրաժեշտ միջոցներ, դրամական օժանդակություն է ցուցաբերել նաեւ «Ընտանիք» կազմակերպությունը՝ ֆրանսիական «Էվողա Դողիան» բարեգործական կառույցի համագործակցությամբ։
Ընտանիքի ճակատագիրը մշուշոտ է, բայց որդու հաղթանակը նոր հույսերի ու կյանքը զրոյից սկսելու ուժ է տվել, մտածում են՝ ընկճվելու իրավունք չունեն, երեխաները՝ Սուրենն ու Արեւիկը, թույլ չեն տա թեւաթափ լինել։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։