Ըստ ամերիկյան CNN-ի՝ վերջին շաբաթներին Նիկարագուայում ձերբակալված 15 ընդդիմադիր առաջնորդներից 5-ը նախագահի թեկնածուներ են:
Ոստիկանության տվյալներով՝ Դեմոկրատական վերականգնման կուսակցությունից նախագահի թեկնածու Միգել Մորա Բարբերենան կիրակի ձերբակալվել է երկրի ինքնիշխանությանը սպառնացող քայլեր կատարելու մեղադրանքով: Բարբերենան մտադիր էր մասնակցել նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին:
CNN-ը նշել է, որ Մորան Նիկարագուայի հինգերորդ ձերբակալված նախագահի թեկնածուն է: Հունիսի 2-ից տնային կալանքի տակ է լրագրողուհի Քրիստինա Չամորոն, դրանից երեք օր անց ձերբակալվել է նախկին դիվանագետ Արտուրո Կրուզը, եւս երեք օր անց ձերբակալվել են քաղաքագետ Ֆելիքս Մարադիագան եւ տնտեսագետ Խուան Սեբաստիան Չամորոն:
Նիկարագուայի իրավապաշտպանների կարծիքով ընդդիմության հետապնդումը կապված է առաջիկա նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրությունների հետ, որոնց մտադիր է մասնակցել նաեւ պետության գործող ղեկավար 75-ամյա Դանիել Օրտեգան:
Վերջինս երկիրը գլխավորում է երեք ժամկետ անընդմեջ՝ 2007 թվականից ի վեր, դրանից առաջ էլ՝ 1985-1990-ին, հինգ տարով զբաղեցրել է նախագահի պաշտոնը: