ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կենտրանական ընտրական հանձնաժողով է ներկայացվել ՀՀ ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների 27 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում։
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրությունների քվեարկության արդյունքներով վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:
«Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաեւ մնացյալ 24 տեղամասում»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, 3, 4, 5, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 31, 33, 34 եւ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։
ԿԸՀ-ն հայտնել է նաեւ, որ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել: