ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը այցելել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջան։ Ավելի վաղ Մորատինոսն այցելել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջան։
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ այցի նպատակը Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում իրավիճակին ծանոթանալն է։
«Միգել Անխել Մորատինոսը տեղում ծանոթացել է քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաեւ Ադրբեջանի պատմամշակութային եւ կրոնական ժառանգության վիճակին»,- նշել է լրատվամիջոցը։
Քաղաքակրթությունների դաշինքը ստեղծվել է 2004-ի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ–ի 59-րդ նստաշրջանում, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ։ Միջազգային կազմակերպության ստեղծմանն աջակցել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նախաձեռնության նպատակն է միջազգային գործողություններ ծավալել ծայրահեղականության դեմ ազգամիջյան, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության հաստատման միջոցով։