Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արեւմուտքին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին հրավիրել է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Էրդողանը դարձյալ հայտարարել է, թե 30 տարվա ընթացքում հայերն այդ տարածքը ավերել եւ այրել են: «30 տարի տեւած բռնազավթման ընթացքում Ղարաբաղում եւ այլ բռնազավթված ադրբեջանական հողերում ոչ միայն մի մեխ չի խփվել, այլև գոյություն ունեցող ժառանգությունն է դաժան ոչնչացվել։ Մենք տեսանք, թե ինչպես է ամբողջն ավերվել ու այրվել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված Շուշիի հռչակագրով նոր փուլ է սկսվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում, եւ շուտով Թուրքիան ու Ադրբեջանը շատ համաձայնագրեր կստորագրեն այդ հռչակագրի շրջանակում:
«Կարճ ժամանակում մենք վճռականորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ` Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչեւ Զանգեզուրի միջանցքի գործարկումը»,- հայտարարել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայում բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում նախատեսում են վերոնշյալ հարցերի վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկել: