ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից լիազորված այցի շրջանակում հունիսի 25-ին Հայաստան կժամանեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։
Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան կժամանեն Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը, ինչպես նաեւ Արտաքին գործերի եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը եւ Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Բարձրաստիճան դիվանագետների այցի նպատակն է վերահաստատել տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու՝ Եվրամիության պատրաստակամությունը: