Հայաստանի շուրջ 80 ընտրական տեղամասերում երեկվանից իրականացվում է արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ։
«Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ: Դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում այդ հրապարակումները հընթացս վերհանվում են»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեադատավարական ընթացակարգով պատշաճ ստուգման եւ իրավական գնահատական տալու գործընթաց կիրականացնի ԶԼՄ բոլոր այն հրապարակումների վերաբերյալ, որոնցում առկա են կամ կարող են առկա լինել ընտրական հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ:
Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ դատախազությունը դրանց իրավական գնահատական տալու գործընթաց է նախաձեռնելու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկված 80 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերջնական տվյալները կհրապարակի այսօր երեկոյան։