Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը հայտնել է, որ Բաքուն ակնկալում է Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո փոխվարչապետների մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերսկսում: Մուստաֆաեւը եռակողմ խմբի աշխատանքը բավական արդյունավետ է որակել:
«Հայաստանում ընտրական գործընթաց է, ձեւավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ՝ երբ դա ավարտվի, եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը»,- ասել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը:
Եռակողմ խումբն աշխատում է անցած 30 տարում՝ ԼՂ հակամարտության սկզբից ի վեր, տարածաշրջանի արգելափակված հաղորդակցման ուղիների վերաբացման ուղղությամբ:
Երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ կազմելու որոշումն ընդունվել է Մոսկվայում 2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում: Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում: