Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երեկ եւ այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 եւ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:
Ավարտվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը: 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որեւէ փոփոխություն չի արձանագրվել, 15-ում ընդհանրապես որեւէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են եղել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ եւ դիտորդներ:
Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետեւյալ փոփոխությունները.
«Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 659-ով, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ինը՝ 52 ձայնով, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը՝ 52 ձայնով: «Պատիվ ունեմ» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ավելացել է 5-ական ձայն, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 2 ձայն, «Միասնական հայրենիք», «Հանրապետություն» եւ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունների օգտին՝ 1-ական ձայն:
Որոշ կուսակցություններ, հակառակը, «զրկվել են» ձայներից: «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը կորցրել է 60, «Վերելք» կուսակցությունը՝ 19, «Ազատ հայրենիք» դաշինքը՝ 10, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 8, «Զարթոնք» ազգային քրիստոնեական եւ «Ազատական» կուսակցությունները՝ 2-ական, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Լուսավոր Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները՝ 1-ական ձայն:
«Հայ ազգային կոնգրես», «Ազատություն», Համահայկական ազգային պետականություն, «Մեր տունը Հայաստանն է», Հայաստանի դեմոկրատական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ձայների փոփոխություն չեն գրանցվել:
ԿԸՀ-ն հայտնել է, որ վաղը՝ հունիսի 24-ին, ժամը 10:00-ից թիվ 9 եւ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում եւ ժամը 11:00-ից թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները: