Այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության գագաթնաժողովը: ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները առաջնահերթ կքննարկեն միգրացիայի խնդիրը՝ փախստականների ընդունելու եւ Հունաստանից անօրինական ներգաղթյալներին հետ վերցնելու համար Թուրքիային ֆինանսներ տրամադրելու հարցը: Թուրքիայի տարածքում Եվրոպա հասնել ցանկացող 3 միլիոն օտարերկրացի կա: Բրյուսելը նաեւ Անկարային մասնակցություն է խոստանում նորացված մաքսային միությանը:
Օրակարգում են Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Վերջին տարիներին Ռուսաստանը մերձեցել է Թուրքիայի հետ, Անկարան Մոսկվայից գնել է С-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգեր՝ հարուցելով Բրյուսելի դժգոհությունը:
Կքննարկվեն նաեւ կորոնավիրուսի նոր շտամների տարածման եւ միջազգային ճամփորդությունների համար հակակորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման հարցերը:
Գագաթնաժողովին հրավիրված բարձրաստիճան հյուրերի թվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որի հետ Եվրամիության 27 երկրների ղեկավարները պետք է քննարկեն գլոբալ մարտահրավերները եւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրները:
Նշենք, որ Անտոնիո Գուտերեշը վերանշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: