Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել մոտ մեկ տարի առաջ` հունիսի 18-ին, իր իսկ ընդունած՝ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը լուծարելու եւ ԱԻՆ-ի վարչության վերածելու մասին որոշումը։
Կառավարությունում արձանագրել են, որ ՀՀ ԱԻՆ-ի կառուցվածքում վարչության կարգավիճակ ստանալու դեպքում Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը չի կարող ունենալ առանձին կառուցվածքային ստորաբաժանումներ։ Այդ դեպքում սեյսմիկ պաշտպանության ոլորտի գործառույթները լիարժեք եւ օպերատիվ չեն իրականացվի՝ դրանից բխող հետեւանքներով։
Մինչդեռ, ըստ մասնագետների, դա կարեւոր է սեյսմիկ ակտիվության գոտում գտնվող Հայաստանի համար, որի տարածքի մեծ մասում սեյսմիկ վտանգի բարձր սպառնալիք կա:
«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքի լավագույն ձեւը մնում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ ի դեմս տարիներ շարունակ հաջողությամբ գործող «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի»,- ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
1991-ին Կառավարությանն առընթեր ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2003-ին վերակազմավորվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության:
Ծառայության կազմում գործում են առանձին ստորաբաժանումներ՝ 153 սարքավորումներով համալրված 52 դիտակայան, ինչպես նաեւ մարզային կառույցներ Գառնիում, Գյումրիում ու Կապանում: