Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման եւ դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Վարչապետի ժ/պ-ն ընդգծել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:
Կրեմլի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Պուտինը հաջողություն է մաղթել նրան Հայաստանի նոր կառավարության ձեւավորման գործում:
Զրուցակիցները հաստատել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:
ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում մտքերի փոխանակման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների հետեւողական իրագործման կարեւորությունը:
Ռուսական կողմը շարունակելու է տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ակտիվ միջնորդական ջանքերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների վերաբերյալ: