Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկում է ունեցել «Վեոլիա Ջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ վերջին օրերին էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների թեմայով:
Ըստ ՀԾԿՀ-ի՝ ընկերությունների ներկայացուցիչներն ասել են, որ խնդիրները պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, դա հանգեցրել է ինչպես մեխանիկական ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում:
Ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Արդեն 3-րդ օրն է` սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատեւ ու չհայտարարված դադարների մասին` «Վեոլիա Ջուր» ընկերությունից պահանջելով պատշաճ որակի ծառայությունների մատուցում։ Ժամեր տեւող ջրանջատումներ են լինում Երեւանի տարբեր համայնքներում եւ ՀՀ մարզերում։
Հունիսի 22-ին «Վեոլիա Ջուրը» հայտարարել էր, որ ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում ընդհատումներն առաջացել են ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։ Դրանով պայմանավորված՝ նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը:
ՀԷՑ-ն արձագանքել էր «Վեոլիա Ջրի» հայտարարությանը` ասելով, որ ընկերության մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։