Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական միության ղեկավարներին հորդորել է ԵՄ գագաթնաժողովին հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները Եվրամիության մշտական ներկայացուցիչների ժողովում հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Պուտինին գագաթնաժողովի հրավիրելու Մերկելի առաջարկին:
Բեռլինը եւ Փարիզը Եվրահանձնաժողովին առաջարկել են կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի, տիեզերական ծրագրերի, առողջապահության, ինչպես նաեւ Իրանին եւ Սիրիային վերաբերող մի շարք արտաքին քաղաքական հարցերում համագործակցել Մոսկվայի հետ:
Գերմանիան եւ Ֆրանսիան Ժնեւի գագաթնաժողովից անմիջապես հետո խոսել են ԵՄ եւ ՌԴ կապերը ճգնաժամից դուրս հանելու անհրաժեշտության մասին:
Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի օրակարգում են կորոնավիրուսի դեմ պայքարը, համավարակի հասցրած տնտեսական վնասի վերականգնումը, Ռուսաստանի, Բելառուսի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները:
Նշենք, որ Եվրամիության այսօր մեկնարկած գագաթնաժովը թերեւս վերջինն է, որին այս կարգավիճակով մասնակցում է Անգելա Մերկելը։ Նա հայտարարել է, որ մտադրություն չունի պայքարելու կանցլերի պաշտոնի համար եւ սեպտեմբերին չի մասնակցի Գերմանիայի դաշնային ընտրություններին:
Պաշտոնավարման ավելի քան 15 տարում Մերկելը բանակցությունների սեղանի շուրջ է նստել Ֆրանսիայի 4 նախագահների, Մեծ Բրիտանիայի 5 եւ Իտալիայի 8 վարչապետների հետ։