Նամակ հայրենակցիս
Ողջո՛ւյն, սիրելի՛ հայրենակից, որ 53+ տոկոսով իշխանությունը կրկին հանձնեցիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը։
Ի տարբերություն նույն Փաշինյանի սիրո ու հանդուրժողականության մասին կեղծ ու սենտիմենտալ լոզունգների` ես, իսկապես, միանգամայն անկեղծորեն սիրում ու հարգում եմ քեզ։ Ավելին՝ ես հարգում եմ նաեւ քո ընտրությունը, հայրենակի՛ց, թեպետ այն, ըստ էության, ընդդեմ էր. ընդդեմ Քոչարյանի եւ ոչ թե հանուն երկրի զարգացման։ Մյուս կողմի ընտրությունն էլ նույնն էր. մոտ 22 տոկոս մեր հայրենակիցներն ընդդեմ Փաշինյանի իրենց ձայնը տվեցին Քոչարյանին։
Բայց սա չէ իմ թեման, էս մասին վերլուծաբանները շատ բան կգրեն դեռ։
Հայրենակի՛ց բարեկամ, հիշո՞ւմ ես, միջնադարում կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության թուղթ ուներ, ինդուլգենցիա էր կոչվում։ Հապա նայի՛ր քո ընտրությանը. դու ինդուլգենցիա տվեցիր Փաշինյանին՝ իր երեք տարվա, հիմնականում բացասական, արած-չարածների համար։ Եթե դու թվարկես գոնե երեք դրական բան Փաշինյանի իշխանության երեք տարիներից, ես իմ նամակը կչեղարկեմ։
Ես հիմա ուզում եմ հիշեցնել նաեւ, որ կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության թուղթը՝ ինդուլգենցիան, հաճախ տալիս էր նախապես. վերցնում էիր այդ թուղթը եւ կարող էիր գնալ ու սպանել հարեւանիդ. քո մեղքը արդեն ներված էր։
Սիրելի՛ հայրենակից, քո 53+ տոկոսով դու Փաշինյանի ու նրա կառավարության ե՛ւ հին մեղքերը (ավելի արմատական մեկը կգրեր՝ հանցագործությունները) ներեցիր, ե՛ւ ազատորեն նոր մեղքեր (ավելի արմատական մեկը կգրեր՝ երկիրը կործանման տանող մեղքեր) գործելու ինդուլգենցիա տվեցիր։ Ու այսուհետեւ բողոքելու, առավել եւս հայհոյելու իրավունքից ինքդ քեզ զրկել ես։
Արդ՝
Երբ տեսնես, որ կյանքդ վատանում է, գները ահավոր բարձրանում են, եկամուտդ չի ավելանում, իսկ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ պրոբլեմներով զբաղվելու փոխարեն իր ողջ եռանդն ուղղել է այսպես կոչված «նախկինների» դեմ անիմաստ ու անարդյունավետ պայքարին, չհայհոյես. այդ դու էիր, որ քրքջալով ինդուլգենցիա — «չաքուջ» էիր նվիրում նրան, թեպետ թվարկածս տեսել ու մաշկիդ վրա զգացել էիր նախորդ երեք տարիներին։
Երբ քո երկրի սահմանների «դեմարկացիայից» հետո կամ նույնիսկ դրանից էլ առաջ պարզվի, որ դու այլեւս ամառային արոտներ չունես, որովհետեւ սահմանապահ «խաղաղարարը» քեզ չի թողնում հոտդ կամ նախիրդ տանես քո սիրած սարերը, չբողոքես ու չընդվզես. դո՛ւ տվեցիր այդպես վարվելու մանդատը։
Երբ մի Ալեն Սիմոնյան հերթական ցինիկ հայտարարությունը կանի, կամ մի դիլետանտ ՔՊ-ական կներկայացնի լրատվամիջոցների գործունեությունը խիստ սահմանափակող մի տխմար օրինագիծ, որով նաեւ տեղեկություններ ստանալու քո՛ իրավունքը կոտնահարվի, չնեղվես ու չբողոքես. հիշի՛ր, որ դու ես նրանց 53+ տոկոսով լիազորել այդպես վարվել։
Երբ մի խումբ կոճակ սեղմողներ քո ընտանիքի կարիքները բավարարող փոքր բիզնեսիդ վիճակը վատացնելու գնով «սիրելի օլիգարխների» կյանքը լավացնող օրինագիծ կներկայացնեն, չգոռգոռաս, չհայհոյես. դու ես նրանց արտոնել։
Երբ հղփացած ու լկտի մի «ուսապարկ» շշով կհարվածի քո տղայի մեքենայի դիմապակուն (եթե դրանով պրծնեք, լավ է), ինչ է թե այն կայանել է իր կարմիր «Պորշեի» հարեւանությամբ, չբողոքես. դու գիտեիր, որ նա այդպիսին է, դու դրա նման մի քանի բան արդե՛ն տեսել էիր, բայց հին մեղքերին թողություն տվեցիր, իսկ նորերի համար նոր ինդուլգենցիա հատկացրիր։ Ոստիկանություն էլ չգնաս, անիմաստ է. լկտի ու հղփացած ՔՊ-ականը գիտի, որ «ոշշշշշշ մեկ» իրեն չի կարող բան ասել, որովհետեւ ինքը «Նիկոլի քիփն» է։
Եթե վաղը քո աշակերտ զավակին պարտադրեն կարդալ եւ կոնսպեկտավորել սիրելի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» «դարակազմիկ աշխատությունը»՝ «հայ գրականության նորագույն նվաճումը», չբողոքես, դա քո տված լիազորագրով է արվելու։
Եթե վաղը կարդաս, որ վարչապետի տիկինը սիրասուն զավակի ծնունդը նշելու համար էս անգամ էլ Մոսկվայի փոխարեն Փարիզ է թռել, չնախանձես ու չգոռգոռաս, դու դա տեսել էիր, բայց այդպես վարվելու մանդատ տվեցիր։ Ի դեպ, երեւի մտքումդ էլ կասես. «Ես էլ լինեի, նույնը կանեի…»։
Եթե ընտրություններից մի քանի օր անց արդեն պարտադրում են, որ կառավարության անդամները ոտքի թռչեն, երբ վարչապետը ներս է մտնում կամ դուրս է գալիս, ապա եթե վաղն էլ պարտադրեն նրան կոչել «ի՛մ առաջնորդ», չընդվզես, չէ՞ որ այդ նույն նախարարների հետ միասին դու ես ընտրել կամավոր խոնարհումը։
Եվ երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն արդեն տխմար ու տգետ հայտարարություն է անում, թե «Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետների համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ», իսկ դրան զուգահեռ մի համայնքի ղեկավարի կանչում են մարզպետարան եւ ծեծում (անգամ եթե չես սիրում քո համայնքապետին, միեւնույնն է, հաստատ չես ցանկացել, որ նրա հետ այդպես վարվեն), գլուխդ մի՛ բռնիր. դու այդ հանցագործությունը կատարելու ինդուլգենցիան կամովին ես տվել համապատասխան մարզպետին։
Սիրելիդ իմ հայրենակի՛ց, ավարտելուց առաջ մի բան էլ. ես այս նամակը գրելու էի նաեւ այն դեպքում, եթե 53+ տոկոս ձայնը դու տայիր Քոչարյանին, իսկ 22-ը՝ Նիկոլ Փաշինյանին։ Որովհետեւ առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Նրանք երկուսն էլ միայն իրար դեմ պայքարելու լոզունգներ էին հնչեցնում, իսկ դու ընտրեցիր ընդամենը այս կամ այն լոզունգը եւ անտեսեցիր քաղաքական ծրագիրը։
Հ. Գ. Նամակից շեղվելով՝ հատուկ Արսեն Թորոսյանի համար ասեմ, որ ամբողջ աշխարհում տեղական ինքնակառավարման մարմինները շատ հաճախ ղեկավարում են իշխող կուսակցությանն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում նրանց հրաժարական պարտադրել։ Նման տխմարություն կարող էր ծնվել միայն «Փաշինյան&CO» ՍՄԸ-ի (սահմանափակ մտածողությամբ ընկերության) կարկառուն ներկայացուցչի ուղեղում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։