Շատերն են հիշում, որ մեկ ամիս առաջ իտալական Rai 4 հեռուստաալիքի մեկնաբանը «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ ոչ կոռեկտ է ներկայացրել մրցույթում Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի դեմ պատերազմն է հաղթել, այլեւ հայտնվել է եզրափակչում, իսկ Հայաստանը գումար չունենալու պատճառով չի էլ մասնակցում «Եվրատեսիլ 2021»-ին մրցույթին:
Մեկնաբանությունն անաղմուկ չի անցել. բազմաթիվ հայեր իրենց զայրույթն են հայտնել, Իտալիայում ՀՀ դեսպանությունը բողոքի բազմաթիվ նամակներ եւ զանգեր է ստացել այս առթիվ։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նամակ է հղել Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննիին, ինչին ի պատասխան վերջինս հայտնել է, թե խորապես ցավում է, որ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունն ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարն ամենեւին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Դժգոհություններին արձագանքել է նաեւ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն՝ պնդելով, որ ամենեւին մտադրություն չի ունեցել վիրավորելու, այլ փորձել է ցույց տալ, թե ի՜նչ անհեթեթ են պատերազմները։
Եվ ահա, այս միջադեպից մեկ ամիս անց, նույն հեռուստաալիքը մի տեսանյութ է պատրաստել Հայաստանի մասին, որում մեր երկիրը ներկայացվում է դրական լույսի ներքո: Օրեր առաջ Rai 4 հեռուստաալիքով հեռարձակվող Wonderland հաղորդաշարի ընթացքում Հայաստանի մասին խոսվել է որպես հազարամյակներից եկող, հնագույն քաղաքակրթություն ունեցող եւ ապագային նայող երկրի: Տեսանյութում լրագրողն ասում է. «Աշխարհագրական առումով ասիական, իսկ մշակութային առումով եվրոպական համարվող Հայաստանի արմատները գալիս են հազարամյա պատմության խորքից։
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ից, այն հռչակվում է անկախ Հանրապետություն՝ կրկին ձեռք բերելով անկախություն, որն հայտարարել էր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Դարեր շարունակ եղել է Արեւմուտքի եւ Արեւելքի առեւտրային ճանապարհների խաչմերուկում։
Հայաստանն իր ապագա մայրաքաղաքը հիմնել է Ք․ա․ 4-րդ հազարամյակում Արարատ լեռան լանջին՝ Բիբլիական Արարատ լեռան, որի վրա հանգրվանել էր Նոյան տապանը մեծ ջրհեղեղի ժամանակ։
Լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երեւանն այժմ հրաշալի կամուրջ է անցյալի եւ ապագայի միջեւ։
21-րդ դարում Հարավային Կովկասի այդ փոքրիկ երկրի բնակչությունը 3 միլիոնից մի փոքր ավելի է, սակայն սփյուռքում հայերն ավելի քան 8 միլիոն են։
Նպատակ ունենալով գրավել արտասահմանում եւ երկրի 11 մարզերում բնակվող երիտասարդ հայերին՝ 2011 թվականին ծնվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը»՝ 13-19 տարեկանների համար նախատեսված ամենաառաջադեմ անվճար կրթական կենտրոնը։
Wоnderland-ի լրագրողները զրուցել են Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։ Վերջինս խոսել է Թումոյի հիմնադրման ու նպատակների մասին, պատանիներին ոգեւորելու եւ նրանց մեջ ստեղծագործական մտածողություն արթնացնելու իրենց ծրագիրը համարել հաջողված եւ պատմել Վենետիկի Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսում Թումոյի ներկայության մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում բացվել է Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսը` La Biennale di Venezia-ն: 112 աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների եւ արվեստագետների, ինչպես նաեւ 61 ազգային տաղավարների շարքում Թումոն եւս ներկայացրեց իր ինստալյացիան:
Աշխարհի հնագույն բիենալեներից մեկում Թումոյի ինստալյացիան բացվել է մայիսի 20-ին եւ «Արսենալե» սրահում ցուցադրվելու է մինչեւ նոյեմբեր: Այն բաղկացած է համակարգչային «կենսալարերից», որոնք փոխանցում են Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Լիբանանի Թումո կենտրոններում սովորող պատանիների ձայները:
Անհատական պատմությունների միջոցով ուսանողները ներկայացնում են այն գաղափարները, որ միավորում են նրանց բոլորին. ընտրության ազատություն, անհատականացում, թիմային աշխատանք եւ իրական փորձառություններ:
Ցուցահանդեսի այցելուները երկխոսության մեջ են մտնում թումոցիների հետ, իմանում նրանց կյանքի, երազանքների ու ձգտումների մասին: Ուսումնասիրելով ինստալյացիայում տեղակայված մակետները` հյուրերը նաեւ ծանոթանում են աշխարհի տարբեր կետերում գտնվող եւ կառուցվող Թումո շենքերին, որոնց հեղինակներն են հանրահայտ ճարտարապետներ Վինի Մաասը եւ Բեռնար Խուրին:
Wonderland հաղորդաշարի այս տեսանյութում նաեւ Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանը ներկայացնող կադրեր են ցուցադրվել:
Տե՛ս նաեւ՝ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/videos/1140585676420839
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։