2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության նախօրեին հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանում ասուլիս տվեց, որը հիմնականում վերաբերում էր նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմությանը եւ Ազատության հրապարակում շուրջօրյա ցույցեր անող ժողովրդին։ Քոչարյանը քննադատեց ընդդիմությանը եւ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի զարգացումների վերաբերյալ ներկայացրեց իր հայտնի չորս տարբերակները։
Բայց սեւեռված լինելով քաղաքական իրադարձությունների վրա` բոլորի ուշադրությունից վրիպեց նրա մի հետաքրքիր հայտարարություն. քննադատելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու հակադրելով իր ղեկավարման տարիների «տնտեսական զարգացումը» նրա նախագահության տարիներին՝ Քոչարյանն ասաց․ «Մոռանում ենք, մի հատ հետադարձ նայենք: Երբ դրսից հյուրեր էին գալիս, մի նորմալ ռեստորան չկար, որ նրանց տանես, պատիվ տաս»։
Իհարկե, մի կողմ դնենք հենց իր մոռացկոտությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությունն ընթացավ շատ բարդ ժամանակահատվածում. ավերիչ երկրաշարժի վերքերը շատ թարմ էին, խորհրդային համակարգը նոր էր փլուզվել, չորս տարի մաշեցնող պատերազմ էր եղել: Այնուամենայնիվ, օրվա իշխանությունները կարողացել էին հաղթահարել այդ դժվարություններն ու փայլուն հաղթանակ տանել պատերազմում: Նրանք Ռոբերտ Քոչարյանին թողել էին հաղթած պետություն, տարածքները գրեթե կրկնապատկած Լեռնային Ղարաբաղ եւ արդեն տնտեսական վերականգնման, զարգացման փուլ մտած Հայաստանի Հանրապետություն: Եթե համաձայն չէ, թող վիճի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
Բայց ամենացնցողն այն էր, որ Հայաստանում 10 տարի նախագահի, դրանից առաջ ԼՂՀ-ում 7 տարի նախագահի ու այլ բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո նրա համար տնտեսության զարգացման չափանիշը «դրսի հյուրերին պատիվ տալու համար նորմալ ռեստորանների» առկայությունն էր: Եվ դրա մասին հեռացող նախագահն ասում էր երկրի թիվ մեկ բուհում ապագա տնտեսագետներին, իրավաբաններին ու այլ մասնագետներին:
Եվ հիմա, երբ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասում է, որ մեր երկիրը ոռոգման ջրի խնդիր ունի, քանի որ հարեւան Թուրքիան իր տարածքում Արաքս գետի վրա ջրամբարներ է կառուցել ու չի թողնում, որ ջուրը հոսի Ախուրյանի ջրամբար, ակամա հիշում ես նախկին նախագահի ու այսօր նորից երկրի քաղաքական առաջնորդության հայտ ներկայացրած մարդու պատկերացումները տնտեսության զարգացման մասին: Ի դեպ, Քոչարյանն իր այդ հայտարարության մեջ նաեւ ասել էր. «1998-ին ես գնում էի Երեւանից Սեւան եւ ամբողջ ճանապարհին 3-4 մեքենա չէի հանդիպում»:
Իսկ 2008-ին, երբ Ռ. Քոչարյանը հեռացավ, մեր երկրում «պատիվ տալու օբյեկտների» պակասություն չկար, դրանք մեկը մեկից մեծ էին, շքեղ էին եւ ամենուր էին: Դրանցից օգտվում էին պետական բյուջեի, «ատկատների» ու կաշառքների վրա նստած պաշտոնյաները, ինչպես նաեւ հարկերը թաքցրած գործարարները: Իսկ Երեւան-Սեւան մայրուղում երբեմն գերթանկարժեք մեքենաների խցանում էր լինում: Դրանցով երթեւեկում էին պետական բյուջեի, «ատկատների» ու կաշառքների վրա նստած այդ նույն պաշտոնյաներն ու հարկերը թաքցրած գործարարները: Ու նրանք գնում էին դեպի Սեւան, Ծաղկաձոր, Դիլիջան եւ այլ պետական արգելոցներ, որտեղ ջրի գնով հսկայական տարածքներ էին սեփականացրել եւ տեղում պատիվ տալու օբյեկտներ ու շքեղ առանձնատներ էին կառուցել:
Այդպես էր այդ տասնամյակում զարգանում տնտեսությունը: Փոխարենը նույն թիվ մեկ բուհում ընկնում էր կրթության մակարդակը, մոլեգնում էր կաշառակերությունը, որն էլ ընկած էր տնտեսության «զարգացման» հիմքում:
Վահան Քերոբյանն, իհարկե, փոքր-ինչ մեղմ է ներկայացրել իրավիճակը։ Նրա այդ մի նախադասությունը բացահայտեց շատ մոտ ապագայում Հայաստանին սպառնացող ամենալուրջ վտանգներից եւ օրվա իշխանությունների ամենալուրջ խնդիրներից մեկը՝ օրեցօր ուժգնացող ջրի սակավությունը։ Այդպիսով էկոնոմիկայի նախարարը բացահայտեց նաեւ նախկին իշխանությունների ամենալուրջ բացթողումներից մեկը, որը, եթե կուզեք, կարելի է բնութագրել որպես հանցավոր անտարբերություն կամ հենց հանցագործություն։
«Ալիք Մեդիան» արդեն անդրադարձել է ջրային խնդրին ու ներկայացրել, որ Թուրքիան Արաքս գետի ավազանում կառուցել եւ կառուցում է 14 ջրամբար, որոնք ամբարելու են գետի՝ տարեկան մոտ 2 մլրդ 75 մլն խմ ջրի պաշարի գերակշիռ մասը`1,8 մլրդ խորանարդ մետրը։ Իսկ Քերոբյանի նշած՝ Կարսի ջրամբարն արդեն իսկ վերցնում է հայ-թուրքական սահմանի վրա կառուցված Ախուրյան ջրամբար հոսող ջրի զգալի մասը: Այդ պատճառով էլ այս տարի այդ ջրամբարը կիսատ է լցվել, եւ Արմավիրի մարզում ոռոգման ջրի խնդիր կա։
Բայց կասեք, թե այդ հարցում որն է նախկին իշխանությունների մեղքը։ Չէ՞ որ Թուրքիան է փակել Ախուրյանի ջրամբար հոսող ջրի ճանապարհրը։ Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները պետական բյուջեն մսխելու, «ատկատներ» ու կաշառքներ ստանալու, հարկերը թաքցնելու եւ դրանցով շքեղ ծառայողական ու սեփական մեքենաներ գնելու, «պատիվ տալու օբյեկտներ», ամառանոցներ ու առանձնատներ կառուցելու եւ այլ ճոխություններ թույլ տալու փոխարեն կարող էին կառուցել մեկ-երկու ջրամբար, որպեսզի գոնե Հայաստանի ջրային պաշարները Քուռ-Արաքս համակարգով չհոսեին հարեւան երկրներ, մնային ու ոռոգեին մեր դաշտերը:
Իսկ հիմա` հետպատերազմյան ու համաճարակային այս իրավիճակում, իշխանությունները պետք է մտածեն ոչ միայն ջրամբարներ կառուցելու, այլեւ հսկայական գումարներ ծախսելով` Սեւանի ափերը մաքրելու եւ ջրի տակ անցնող ամառանոցներն ու օբյեկտներն ապամոնտաժելու մասին: Ահա թե ինչ ժառանգություն է մնացել այդ 10 տարիների «տնտեսական զարգացումից»:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։