Այս տարվա մայիսի 23-ին Ryanair օդանավին վայրէջք պարտադրելուց հետո Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասեւիչը եւ նրա ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, ազատվել են բանտից եւ առժամանակ պետք է անցկացնեն տնային կալանքի պայմաններում:
Դմիտրի Պրոտասեւիչը՝ լրագրողի հայրը, լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե պատկերացում չունի՝ ինչն է ստիպել Բելառուսի իրավապահներին փոխել որդու եւ նրա ընկերուհու խափանման միջոցը:
Սոֆյա Սապեգայի խափանման միջոցը փոխելու հանգամանքը, ըստ նրա փաստաբան Անտոն Գաշինսկու, կապված է անցած ամիս Սոչիում Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման հետ:
Սոֆյայի փաստաբան Գաշինսկին հայտնել է նաեւ, որ պաշտպանյալի ծնողները նախօրեին իրավապահների հսկողության ներքո դստերը հանդիպելու հնարավորություն են ունեցել: Տնային կալանքի ռեժիմի համաձայն՝ Սոֆյա Սապեգան այժմ պետք է միայնակ ապրի Մինսկի փոքրիկ բնակարանում։