Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրամիության բարձրագույն ղեկավարությանն է ուղարկել հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի զրույցի տեսանյութը:
«Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի առաջին տիկնոջ միջեւ խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին»,- ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Թաթոյանը:
ՄԻՊ-ը շեշտել է, որ տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առեւտրի համար: Հետեւաբար գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
Նա ընդգծել է, որ նամակներում ցույց է տրված՝ ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, նաեւ ԵՄ-ին:
«Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի եւ մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից»,- նշել է օմբուդսմենը:
Թաթոյանը շեշտել է, որ նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրեւ անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ: