Եվրամիության ղեկավարներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գագաթնաժողով հրավիրելու հարցում: ՌԴ-ին սահմանակից ԵՄ երկրները դեմ են արտահայտվել առաջարկին՝ ասելով, որ դա սխալ ուղերձ կլինի: Համաձայնության գալու դեպքում սա առաջին համատեղ գագաթնաժողովը կլիներ 2014-ի հունվարից ի վեր։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր առաջնորդները հայտարարել են, որ կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձեւաչափերն ու պայմանները՝ չհիշատակելով Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպումներ կամ ծրագրեր:
Պուտինին ԵՄ գագաթնաժողով հրավիրելու առաջարկ էին արել Ֆրանսիան եւ Գերմանիան:
«Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության։ Մենք պետք է խոսենք նաեւ տարաձայնությունների մասին: Բանակցելը խնդիրների լուծման միակ միջոցն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Բրյուսելում ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Շատ ընդգրկուն եւ ոչ դյուրին քննարկում էր»,- նշել է նա: