Ըստ թուրքական Yenisafak պարբերականի՝ թուրքական դատարանը երեկ վճռել է հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով արդարադատությունից թաքնվող 12 կասկածյալների ակտիվները բռնագանձել, եթե նրանք չվերադառնան Թուրքիա։
Դատարանի վճռով կբռնագրավվեն նաեւ FETO ահաբեկչական կազմակերպության ղեկավար, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի ակտիվները։
Ստամբուլի դատարանը միջանկյալ որոշման մեջ զանգվածային լրատվամիջոցներին հրահանգել է դրա մասին հայտարարություն տարածել: Նման կերպ արդարադատությունից թաքնվողները կտեղեկանան, որ մտածելու համար դեռեւս 15 օր ունեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործով դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության 3 նախկին բարձրաստիճան աշխատակիցների:
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով՝ Ստամբուլի իր խմբագրատան շեմին։ Սամաստը ձերբակալվել է հանցագործության հաջորդ օրը եւ 2011-ին դատապարտվել 22 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման:
Դինքի սպանությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Նրա հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց ցույցի, որին մասնակցել են մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։