Բաքվում ընթանում է պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողների հերթական դատավարությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա աղմկահարույց դատական նիստի ժամանակ դատավորը, դիմելով հայ ռազմագերիներին, հարցրել է` արդյոք որեւէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ: Վլադիմիր Հակոբյանը, որին իր ծառայակիցների հետ ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին Հայաստան վերադարձնել։
Մեղադրյալի աթոռին են Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողները, որոնց նկատմամբ ադրբեջանական իշխանությունները ահաբեկչության եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ են ներկայացրել: Հայ ռազմագերիներին 14-20 տարվա ազատազրկում է սպառնում։
Խծաբերդից գերեվարված բոլոր զինծառայողները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։
Նշենք, որ ՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու եւ նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:
ՀՀ Փաստաբանների պալատը նշել է, որ հայ ռազմագերիների ընտանիքի անդամները Ադրբեջանում փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում կարող են դիմել կազմակերպությանը։