ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից լիազորված տարածաշրջանային այցով Հայաստան են ժամանել Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաեւ ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին Երեւանում ընդունել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է:
Աուրեսկուն կարեւորել է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից Հայաստանի առավելագույնս օգուտ քաղելը եւ ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ Կառավարությանը ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում:
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարեւորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաեւ սեփական անվտանգության ապահովման համատեքստում:
Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման եւ ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաեւ այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարեւորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը:
Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ հաղթեց ժողովրդավարությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության կարեւորությունը։
Ըստ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության՝ դիվանագետները Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին:
Զրուցակիցները գագաթնաժողովը կարեւոր են համարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խթանման, ինչպես նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո քայլերի հստակեցման տեսանկյունից:
Մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Եվրոպացի դիվանագետները նշել են, որ Եվրամիության համար կարեւոր է տարածաշրջանի կայունությունը, եւ իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում:
Անդրադարձ է եղել նաեւ տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարներին: