Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Գագաթնաժողովը պետք է տեղի ունենար այս տարվա մարտին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ գագաթնաժողովում կքննարկվեն անելիքները, ընդհանուր ծրագրերը եւ հայեցակարգը:
Արեւելյան գործընկերությունը Եվրոպական միության նախագիծ է, որի նպատակն է ԵՄ պետությունների քաղաքական եւ տնտեսական կապերի ընդարձակումը նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:
Արեւելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում:
Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ԵՄ-ի հետ կնքել են ասոցացման պայմանագրեր, եւ այդ երկրների քաղաքացիները առանց վիզաների ԵՄ այցելելու հնարավորություն են ստացել: Բելառուսի համար վիզային ռեժիմը պարզեցվել է: Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: