Ըստ Գլխավոր դատախազության՝ Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ, 40-ը՝ ընտրակաշառք տալու եւ ստանալու համար:
Հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ, որոնցից 23-ը հարուցվել է առերեւույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաեւ ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով:
Ընտրակաշառքի գերակշիռ մասը կատարված է ծանրացուցիչ հանգամանքներում, 3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հատկանիշներով:
Մեկական քրգործերի յուրօրինակությունը
Մեկական քրեական գործ է հարուցված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերեւույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու եւ իրացնելու, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար:
Մեկական քրեական գործ է հարուցված 2 եւ ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու համար:
Եվս 4 քրեական գործ է հարուցված՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:
47-ից 22-ը՝ ընտրակաշառք տալու, 18-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար
Նշված 47 անձանցից 22-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու, 18-ը՝ ընտրակաշառք վերցնելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Մեկական անձինք մեղադրվում կամ կասկածվում են ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու, մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու համար:
Կալանավորումը որպես խափանման միջոց
Ի թիվս վերոնշյալների, ընտրակաշառք տալու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ ընտրություններին մասնակցած 2 դաշինքների եւ 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց:
Թեկնածուներից մեկը, որի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաեւ քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված եւս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: