Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Բի Բի Սիի» հետ զրույցում ընդունել է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է ընտրություններում, սակայն նաեւ քննադատել է ընդդիմությանը, այն է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սարգսյանը, բնական է, Քոչարյանի անունը չի տվել, բայց իր հայտարարությամբ ոչ այնքան ճանաչել է Փաշինյանի հաղթանակը, որքան Քոչարյանի պարտությունը:
Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը պատրաստվում են հաջորդ ընտրություններին, որոնք նույնպես կարող են լինել արտահերթ՝ հաշվի առնելով Փաշինյանի ոչ հավասարակշիռ վարքը, Հայաստանում եւ Արցախում առկա բազում խնդիրներն ու տարածաշրջանային բարդ վիճակը, որը, թվում է, դեռ չի հանդարտվել:
«Մենք մշտապես ասում ենք, որ երկրում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որի մի մասն օկուպացված է հարեւանի կողմից, երկրում, որի բազմաթիվ զինվորներ ու սպաներ դեռ գերության մեջ են, որը դեռ հողին չի հանձնել զոհված զինվորների բոլոր աճյունները, ընդհանրապես ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ: Սակայն, ցավոք, այս հարցում ընդդիմությունն ընդհանուր հայտարարի չեկավ, եւ շատերը, իրենց անձնական պատկերացումներից ելնելով, որոշեցին գնալ ընտրությունների: Եվ մենք պարտադրված էինք մասնակցել»,- ասել է Սարգսյանը:
Ոչ միայն Սարգսյանը չկար ընտրացուցակում, այլև չկային հիմնական հանրապետականները: Թվում է՝ Սարգսյանն ու նրա թիմը ընտրություններին մասնակցեցին երկու նպատակով՝ ձայներ տանել Ռոբերտ Քոչարյանից, ինչպես նաեւ ներկայացված լինել ակտիվ քաղաքականության մեջ եւ լինել Փաշինյանի վարչակարգին հիմնական ընդդիմադիր ուժը:
«Հայաստան» դաշինքը չի կարող երկարատեւ կտրվածքով լինել հիմնական ընդդիմությունը, քանի որ նրա առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ հանրության համար, մեծ հաշվով, ընդունելի կերպար չէ: Մի կողմ թողնենք՝ Քոչարյանի հանրային ընկալումը ուռճացված է կամ ոչ: Իրականությունն այն է, որ հայ հանրությունը, մեծ հաշվով, Քոչարյանին չի ընդունում եւ նրա հետ է կապում ե՛ւ Հոկտեմբերի 27-ը, ե՛ւ Մարտի 1-ը:
Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին նրա շրջապատն ու լրատվամիջոցները Մարտի 1-ի գործը գլորում էին Քոչարյանի ուղղությամբ:
«Հայաստան» դաշինքը կուռ կառույց չէ եւ միավորվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ ատելության ֆոնին, թեեւ նրա բաղադրիչ ուժերից մեկը՝ ՀՅԴ-ն, համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ մաս կազմել նրա առաջին կառավարությանը:
Դաշինքին մաս կազմող երրորդ ուժը՝ հիմնականում սյունեցիներից կազմված նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, ուղղակի եւ անուղղակի պարտություն կրեց հարազատ մարզում այն դեպքում, երբ նրանց կողմից էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, Սյունիքի բազմաթիվ քաղաքապետներ եւ գյուղապետներ:
Սյունիքը, որ 44-օրյա պատերազմում ամենից շատն էր տուժել եւ առաջինը պետք է մերժեր Նիկոլ Փաշինյանին, չընտրեց ո՛չ Քոչարյանին, ո՛չ ՀՅԴ-ին, ո՛չ էլ «Վերածնվող Հայաստան»-ին:
Ի տարբերություն Քոչարյանի եւ նրա թիմի, որոնք Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ՝ նրան պիտակելով թուրք եւ թուրքամետ, պատերազմի եւ Արցախը միտումնավոր Ադրբեջանին հանձնելու ամբողջ պատասխանատվությունը դնելով վարչապետի վրա, Սարգսյանն ու նրա թիմը հեռու են այս պրիմիտիվ քարոզչությունից:
Սարգսյանն ու նրա թիմը համարում են, որ 44-օրյա աղետը ոչ թե նենգ ծրագիր էր, այլ կոպիտ սխալների եւ հաշվարկների արդյունք, արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանի թույլ տված անհեռատես քայլերի ու հայտարարությունների, ինչպես «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ նմանօրինակ պոպուլիստական հայտարարությունների հետեւանք:
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ նաեւ ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից:
Ի տարբերություն Քոչարյանի, որն անգամ 44-օրյա աղետից հետո հայտարարում է, թե ստատուս-քվոն հնարավոր էր եւս 30 տարի պահել, Սարգսյանը գիտակցում էր այն արհավիրքը, որ կարող է պատուհասել հայ ժողովրդին ղարաբաղյան հակամարտության չլուծվածության պատճառով:
Սարգսյանը «Բի Բի Սիի» հետ զրույցում հայտարարել է. «Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման ճակատագրի: Ես չէի մտածում ո՛չ իմ վարկանիշի, ո՛չ էլ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին»:
Սարգսյանը պնդել է, որ 2018 թվականին՝ նախագահության երկու ժամկետից հետո, որոշել էր երկարաձգել իշխանությունը միայն եւ միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման ու հաշտության գործընթաց սկսելու համար:
«Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչմիթիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։ Որեւէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա»:
Քոչարյանը Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ բերեց իբրեւ թե Թուրքիայի վրա հավելյալ ճնշում բանեցնելու նպատակով, իրականում 1915 թվականի հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը հանվեց սակարկության, որի դիմաց մենք ստացանք պատմաբանների հանձնաժողովի առաջարկ:
Այս հարցում եւս Սարգսյանը Քոչարյանի հակապատկերն է: Երրորդ նախագահը, փաստացի, համաձայնություն էր տալիս Կարսի պայմանագրի վերահաստատմանը, ինչը նշանակում էր ընդունել ժամանակակից Թուրքիայի սահմանները: Սարգսյանը եւ նրա արտաքին քաղաքական թիմը, սակայն, կոպիտ սխալ թույլ տվեցին: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում նախ պետք էր ստատուս-քվոյի փոփոխության գնալ Արցախում, որից հետո Անկարան հավանաբար կգնար հարաբերությունների բարելավման Երեւանի հետ: Մինչդեռ Սարգսյանը հակառակ կողմից սկսեց գործընթացը՝ իրեն ու աշխարհին համոզելով, որ ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացները զուգահեռ են:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի հարցում: Քոչարյանը գրեթե չի թաքցնում, որ Հայաստանը պետք է ավելի ինտեգրվի Ռուսաստանի հետ, դա անում է դեմոնստրատիվ կերպով:
Հայաստանի առավել ինտեգրում Ռուսաստանի հետ, մեծ հաշվով, նշանակում է հայկական այս վերջին հողակտորի կալինինգրադացում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։