Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ահազանգել է, որ համաշխարհային հանրությունը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը:
Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհի հարուստ երկրները պատվաստում են ռիսկային գոտում չգտնվող երիտասարդներին, մինչդեռ աղքատ երկրներում պատվաստանյութերի խիստ պակաս կա: Գեբրեյեսուսը հայտնել է, որ իրավիճակը հատկապես վտանգավոր է Աֆրիկայում, որտեղ նախորդ շաբաթվա համեմատ վարակի եւ մահվան դեպքերն ավելացել են 40 տոկոսով:
«Աշխարհը ձախողում է, մենք՝ որպես համաշխարհային հանրություն, ձախողում ենք»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ դարձյալ հորդորելով զարգացած երկրներին՝ ավելի ցածր եկամուտ ունեցող պետություններին բաժին հանել պատվաստանյութերի իրենց չափաքանակներից:
«Դելտա» -ն՝ վիրուսի առավել վարակիչ տեսակ
Ընդսմին աշխարհում մոլեգնում են կորոնավիրուսի հնդկական «Դելտա» եւ «Դելտա պլյուս» շտամները: Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր նախորդ տարվա հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի առավել վարակիչ տեսակը:
Անգլիայի առողջապահական ծառայությունը հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «Դելտա պլյուս»-ով վարակվելու առնվազն 41 դեպք: Կորոնավիրուսի հնդկական շտամով՝ «Դելտա»-ով, վարակվել է 75 հազար 953 մարդ, որն ամբողջ Մեծ Բրիտանիայում վարակվածների թվի 99 տոկոսն է կազմում: Հնդկական շտամով վարակումների մեծ մասը հենց Անգլիայում է, որտեղ ապրում է Միացյալ Թագավորության բնակչության 85 տոկոսը:
Որոշել են խստացնել
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները երկրի առանձին շրջաններում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումների հետեւանքով որոշել են խստացնել կարանտինի պահպանման պահանջները:
Կրկին պարտադիր է դիմակ դնելը միջազգային օդանավակայանում, սահմանային անցակետերում, բուժօգնության տրամադրման վայրերում: «Դելտա» շտամով հիվանդացած անձանց հետ շփված անձինք, որոնք ունեն պատվաստման վկայագիր կամ տեղեկանք հիվանդությունից ապաքինվելու վերաբերյալ, այսուհետեւ կուղարկվեն կարանտին:
Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին հունիսի 1-ից, իսկ հունիսի 15-ից թույլատրվում էր դիմակ չդնել: Երկրում բնակչության զանգվածային պատվաստումները սկսվել էին նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից: Հունվարի 10-ից սկսվել էր պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ստացման գործընթացը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անհանգստություն արտահայտելով վիրուսի հնդկական շտամի՝ «Դելտա»-ի տարածման փաստի առնչությամբ, հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր շտամները կշարունակեն ի հայտ գալ այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ աշխարհը չի պատվաստվել: