Լիբանանի Զմմառի վանքում այս օրերին կարեւոր իրադարձություն է տեղի ունենում. 1749-ին հիմնադրված պատմական այս վայրում՝ Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական կղերական միաբանության աթոռանիստ վանքում, ընտրական սինոդն ընտրում է հայ կաթողիկե պատրիարքի:
Ինչպես տեղեկացրել ենք, մայիսի 25-ին վախճանվել էր Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը, եւ պատրիարքական աթոռը թափուր էր մնացել:
Սինոդը, պատրիարքի ընտրությունից բացի, քննարկում է նաեւ հայ կաթոլիկ համայնքին եւ հայությանն առնչվող այլ հարցեր: Այս ընտրությունն իրադարձություն է հայ կաթոլիկ համայնքում, որի անդամներն ավանդաբար սերտ կապ ունեն իրենց կրոնական ու մյուս կառույցների հետ:
Ըստ կանոնակարգի՝ ընտրական սինոդին մասնակից բոլոր եպիսկոպոսները պատրիարքի թեկնածու են համարվում: Սինոդին մասնակցում է հայ 14 կաթոլիկ եպիսկոպոսներից 12-ը. Հարավային Ամերիկայից կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել Լիբանան ժամանել երկու եպիսկոպոս: Բայց մասնակիցների ձայները բավական են՝ պատրիարք կաթողիկոս ընտրելու համար:
«Ալիք Մեդիա»-ն պատրիարքի ընտրության առթիվ զրուցեց համայնքային գործիչ, Բեյրութի Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստի հետ: Նա հաստատեց, որ կաթոլիկ համայնքում որեւէ ընտրություն իրադարձություն է, հատկապես առաջնորդի ընտրությունը:
«Այս օրերին, երբ համայն հայությունը, ընդհանրապես համայն մարդկությունը ճակատագրական հանգրվանում է, այս ընտրությունն առավել եւս կարեւորվում է, քանի որ նորընտիր պատրիարքն այնպիսի մեկը պիտի լինի, որ կարողանա իր հմտություններով դիմագրավել այս մարտահրավերներին»,- ասում է Գրեգուար Գալուստը:
Խոսակցություններ կան, որ կաթոլիկ համայնքն այս անգամ նախընտրում է երիտասարդ պատրիարք ունենալ՝ նկատի ունենալով, որ վերջին երկու պատրիարքները տարեց էին: Սրա մասին Գալուստ Գրեգուարը հետեւյալ դիտարկումն արեց. «Վերջին երկու պատրիարքներից մեկը՝ վախճանյալ Ներսես Պետրոս 19-րդ կաթողիկոսը, պատրիարք ընտրվելու ժամանակ երիտասարդ էր՝ 59 տարեկան, վախճանվեց 75-ում: Վերջերս վախճանյալ Գրիգոր 20-րդ կաթողիկոսը, այո՛, 81 տարեկանում էր ընտրվել, բայց, չնայած իր առաջացած տարիքին, բավականին երիտասարդ եւ առողջ մտքով պատրիարք էր: Օրինակ՝ արհեստագիտության (տեխնոլոգիայի) բնագավառում մեզ, որ համեմատաբար երիտասարդ սերունդ ենք, գերազանցում էր: Իհարկե, որեւէ համայնք, որեւէ կազմակերպություն միշտ պիտի ձգտի ունենալու նոր ավյուն, նոր եռանդ: Ես կարծում եմ, որ տարիքի վերաբերյալ մատնանշման դեպքում ես շեշտը կդնեի ավելի շատ փորձառության վրա»:
Թե ինչ հատկանիշներով պատրիարքի կարիք ունի այսօր կաթոլիկ համայնքը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Մենք մեր բոլոր եպիսկոպոսների մեջ տեսնում ենք պատրիարքի: Որեւէ անձ, որն ընտրվում է, մեր խոսքերով, եկեղեցու իշխան, հավատում ենք, որ միշտ ընտրվում է հարմարագույն անձը, որպես առաջին կարգի ծառայող ազգին ու մարդկությանը: Ես համոզված եմ, որ առողջ մտքով ծառայության կոչված եւ լայնախոհ, աշխատասեր հատկանիշներով անձն է, որ ակնկալում ենք ունենալ, մեկը, որ կծառայի համայն հայ ժողովրդին մայր հայրենիքում, Արցախում եւ սփյուռքում տարածված մեր բոլոր թեմերի միջոցով»:
Զմմառում շարունակվում է ընտրական սինոդը. եպիսկոպոսների բարձրագույն խորհուրդը 15 օրվա ընթացքում կընտրի 21-րդ կաթողիկոս պատրիարքին:
Հայ կաթողիկե եկեղեցին պատկանում է Արեւելյան կաթոլիկ եկեղեցիներին եւ այսպիսով ենթարկվում է Հռոմի պապի առաջնորդությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարն առաջացել է 12-րդ դարի վերջին՝ Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Երկիր ճանապարհորդող խաչակիրների եւ տեղի հոգեւորականության միջեւ կապերի հաստատումից ի վեր։
Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգեւորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ը Աբրահամ Պետրոս Ա Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի պատրիարք, որն այսպիսով դառնում է Հայ կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքը։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։